21 հուլիսի 2006 - 15:56 AMT
Որպեսզի պատերազմն ավարտվի, ուղղակի պետք է դադարել պատերազմել
Հուլիսի 8-13 Երեւանում կայացած Հարավային Կովկասի քաղաքացիների եւ ՈԿԿ-ի վեցակողմ աշխատանքային հանդիպմանը ներկա էին նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Բաքու վերադառնալուն պես ադրբեջանցի լրագրող Ալեքպեր Ալիեւը հրապարակել է «Ճանապարհորդություն Բաքվից Էրիվան» հոդվածը, որտեղ աղավաղել է www. southcaucasus.com կայքի խմբագիր Լուիզա Պողոսյանի խոսքերը երկու ժողովրդների միջեւ առկա խնդիրների վերաբերյալ: Ալիեւի մեկնաբանությամբ Լ.Պողոսյանի խոսքերն այսպես են հնչում. «Ցեղասպանության մասին առասպելը, որով մեզ կերակրում են, հայկական հանրությանը բարդույթավորված եւ հիվանդ է դարձրել: Մենք մեր երեխաներին դաստիարակում ենք թուրքերի հանդեպ ատելությամբ: Այս դեպքում, թուրքերր մեր համար Թուրքիան է եւ Ադրբեջանը: Մեզ ասում են, որ մենք հաղթել ենք պատերազմում, բայց իրականում տանուլ է տվել մեր ողջ տարածաշրջանը, եւ մասնավորապես, մենք: Ոչ մի զարգացում չկա, ոչ մի լավ բան տեղի չի ունենում: Որքա՞ն կարող է շարունակվել ատելության այս քարոզչությունը: Մենք չենք կարող աշխատել ապագայի համար, անընդհատ առաջնորդվելով անցյալով»:

Ինչպես հայտարարել է PanARMENIAN.Net-ի թղթակցին ինքը Լուիզա Պողոսյանը, «ժողովրդական դիվանագիտություն» տերմինը բավկանին մաշվել է եւ ճիշտ չի արտացոլում այն գործընթացը, որը ենթադրում է հաշտեցման ուղիների որոնում: Հայերի եւ ադրբեջանցիների հանդիպման դեպքում զուտ մարդկային շփումը հաստատվում է: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի բազմամյա տեղեկատվական պատերազմը հանգեցրել է նրան, որ քննարկելով խնդիրները եւ անկեծորեն ցանկանալով անել ավելին, մենք հաճախ չենք կարողանում ընդհանուր լեզու գտնել:

«Խոսում ենք, բայց չենք լսում միմյանց: Երբ փորձում ես ճեղքել բազմամյա լռությունը եւ խոսակցություն սկսել, թերություններն անխուսափելի են: Միեւնույն ժամանակ հենց այն, որ մենք խախտում ենք լռությունը ցավագին խնդիրների շուրջ օգնում է մեզ ընկերներ եւ գաղափարակիցներ գտնել Ադրբեջանում: Չեմ կարծում, որ Ա.Ալիեւը լրագրող է, որը քարոզչական առաքելություն է կատարում եւ չեմ կարծում, թե նրա հոդվածները գրված են «թշնամական դիրքորոշումից ելնելով»: Ալեքպերը ոչ միայն լրագրող է, այլ նաեւ վառ գրող: Նա մարդ է, որն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում մեր ժողովրդներին: Իմ եւ Գերոգի Վաթյանի դիրքորոշումների մի փոքր պարզունակ մեկնաբանությունը, մեր վերածումը «ուլտրատոլերանտ հայատյացների» ընդամենը գրական ոճաձեւ է, եւ հուսով եմ, որ ընթերցողները եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում կկարողանան հումորով ընկալել նրա ռեպորտաժները: Մենք չափազանց քիչ գիտենք միմյանց մասին եւ մոռանում ենք, որ որպեսզի պատերազմն ավարտվի, ուղղակի պետք է դադարել պատերազմել»,-նշել է Լուիզա Պողոսյանը: