ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագիրը, որով երկու երկրների քաղաքացիները կկարողանան 30 օր առանց գրանցման մնալ Ռուսաստանում կամ Հայաստանում:
Նմանատիպ մոտեցում այժմ գործում է Բելառուսի քաղաքացիների դեպքում ըստ համաձայնագրի, որով երկու երկրների քաղաքացիների համար հավասար իրավունքներ են սահմանված տեղաշարժի, կացության վայրի ու բնակության ընտրության հարցում: Նույնպիսի համաձայնագիր է գործում ՌԴ և Ղազախստանի միջև:
«Համաձայնագիրը ստորագրվել է 2014-ի հուլիսի 11-ին Սոչիում և նախատեսում է ՀՀ տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ տարածքում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիների համար երկիր մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում իրավասու մարմիններում գրանցվելու կամ հաշվառման կանգնելու պահանջի վերացում»,-ասվում է համապատասխան նյութերում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ըստ 2010 թ. մարդահամարի, Ռուսաստանում բնակվում է ՀՀ մոտ 1,2 մլն քաղաքացի, այսինքն բնակչության 0,86 տոկոսը: Հիմնականում նրանք բնակվում են ՌԴ հարավային շրջաններում՝ Ռոստովի մարզում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում: Հայաստանում բնակվում է 1,5 հազար ռուս, ինչը բնակչության ընդհանուր թվի 0,5 տոկոսն է:
Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:
Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով վերապահվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:
ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:
Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը, որը համապատասխան պայմանագիրը ստորագրել է 2014-ի դեկտեմբերին: