22 փետրվարի 2015 - 12:14 AMT
Թուրքիան չեղարկե՞լ է ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումները

Թուրքական Today's Zaman պարբերականը գրել է, իբր Թուրքիան չեղարկել է ապրիլի 24-ին նախատեսված Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակման միջոցառումները։

Ըստ պարբերականի, միջոցառումները չեղյալ են հայտարարվել, քանի որ մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվել են ապրիլի 24-ին այցելել Անկարա` նույն օրը Երևանում հիշատակվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պատճառով, մեջբերում է Tert.am-ը։ Նրանք նշել են, որ իրենց այցով կարող են ստվեր նետել երևանյան միջոցառումների վրա։

Հրավերն ուղարկվել էր 100 բարձրաստիճան պաշտոնյաի, ներառյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հրավիրված երկրներից միայն հինգն են համաձայնել և հաստատել իրենց մասնակցությունը՝ այն էլ ոչ նախագահի մակարդակով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել էր հրավերին մերժումով:

Սերժ Սարգսյանի պատասխան նամակումմ մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Ավելի ուշ Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ էին արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը գալ Երևան:

Դրանց թվում են Ընդդեմ ռասիզմի և խտրականության մարդու իրավունքների ասոցիացիան, Իզմիրի ասորական ընկերակցությունը, «Նոր զարթոնք» ՀԿ-ն, ZAN հիմնադրամն ու Suryaniler.com մշակութային հարթակը։

Photo: Getty Images