Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին փետրվարի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է ադրբեջանցի դիվերսանտներին Բաքվին հանձնելու վերաբերյալ Վիկտորիա Նուլանդի հայտարարության մասին հարցին։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը պետքարտուղարության պաշտոնական կայքէջին հղումով։
Լրագրողներից մեկը, մասնավորապես, հայտնել է, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չեն համաձայնել տարածաշրջան կատարած այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հայտարարությանը, թե Հայաստանը որպես մարդասիրական ժեստ պետք է Բաքվին վերադարձնի ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուիևին, որոնք դատապարտվել էին անչափահասի սպանության համար:
Երևանում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդն, անդրադառնալով Բաքվում իր հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի դիվերսանտները պետք է հանձնվեն Ադրբեջանին, հայտարարել էր, որ «նրանց գործածը, անշուշտ, սոսկալի հանցագործություն է, բայց կոչ ենք անում պատկան մարմիներին կատարել մարդասիրական ժեստ»:
Հարցին, թե Միացյալ Նահանգներն ինչ է ակնկալում մարդասիրաիական այդ քայլից և արդարացված կլինի արդյոք դա, Փսակին ասել է. «Դեսպան Ուորլիքի և այլոց միջոցով մենք նախկինում ևս կողմ ենք արտահայտվել երկու բանտարկյալին Ադրբեջանի կառավարությանը հանձնելուն։ Նուլանդը ևս կոչ է արել համապատասխան իշխանություններին վերադարձնել բանտարկյալներին։ Անցյալում կողմերը հինականում ունեցել են բանտարկյալներին որպես մարդասիրական ժեստ վերադարձնելու պրակտիկա, և ինչպես ցույց է տվել փորձը, նման քայլերը թուլացնում են լարվածությունն ու կողմերի միջև վստահություն ստեղծում։ Սա այն է, ինչի մասին խոսել է Վիկտորիա Նուլանդը»։
2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։
Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվեց քրեական գործ:
Պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել էր ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի կոչին՝ որպես «մարդասիրական քայլ» բաց թողնել Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին: ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը նախ հիշեցրել է, որ որ իրենց իրավունքից օգտվելով, Ասկերովի ու Գուլիևի պաշտպանները բողոքարկել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որը փետրվարի 26-ից կսկսի հայցերի ուսումնասիրությունը: «ԼՂՀ-ում, ինչպես և ցանկացած այլ իրավական պետությունում, իշխանության ճյուղերի միջև առկա է հստակ տարանջատում: Դատական իշխանությունը ինքնուրույն է և գործում է օրենսդրականից ու գործադիրից անկախ: Դատարանի որոշումները պետք է հարգվեն և պահպանվեն բոլորի կողմից, ինչպես որ դա ընդունված է ամբողջ զարգացած աշխարհում»,- ասել է ԼՂՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը: