ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը ստացել է ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը Ռուսաստանում ծանր հետևանքներով ՃՏՊ համար դատապարտված Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու մասին միջնորդությունը, ինչպես նաև ՌԴ արդարադատության նախարարության հանձնարարականը՝ անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու վերաբերյալ: «Կավկազսկի ուզելի» թղթակիցը դիմել է փորձագետներին ՀՀ իշխանությունների միջնորդության մեջ քաղաքական ենթատեքստի առկայության վերաբերյալ հարցով:
2014-ի դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքը դիմել է Հայաստանի արդարադատության նախարարությունը՝ նրա Հայաստան տեղափոխելը կազմակերպելու համար:
Մոսկվայի քաղաքային դատարանի հուլիսի 14-ին բավարարել էր Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև 2014-ի մարտի 14-ը երկարաձգելու մասին Մոսկվայի ներքին գործերի կառավարման Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի միջնորդությունը (այսինքն` հետին թվով):
Հունիսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշել էր չերկարաձգել Հարությունյանի կալանքի ժամկետը: Դատարանը խախտումներ էր հայտնաբերել Տվերսկի շրջանային դատարանի՝ 2013-ի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ, որից հետո ՀՀ 46-ամյա քաղաքացու կալանքի ժամկետը բազմիցս երկարաձգվել էր: Նյութերն ուղարկվել էին կրկնակի ուսումնասիրության: Ապրիլի 4-ին Հարությունյանի քրգործի հետաքննության ավարտից հետո ապրիլի 11-ին Տրոիցկի շրջանի դատարնում սկսվել էին նախնական լսումները:
Մինչև այդ, քննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարը պատշաճ սպասարկում չի անցել, արգելակներն էլ վատ էին աշխատում: Ըստ քննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Հարությունյանը ձերբակալվել էր 2013-ի հուլիսի 15-ին։ Սեպտեմբերի 12-ին ձերբակալության ժամկետը երկարացրել էր մինչև դեկտեմբերի 14-ը:
ՌԴ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ միջնորդությունը ստացել են 2014-ի դեկտեմբերի 29-ին, իսկ հունվարի 15-ին ՌԴ արդարադատության նախարարությունը «միջնորդությունը ուղարկել է պատիժների կատարման դաշնային ծառայություն՝ հանձնարարելով նախապատրաստել 1983 թ. Դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիայով նախատեսված փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են հարցի քննության համար»: Մարդու իրավունքների միջազգային ընկերակցության ռուսական բաժնի նախագահ Վլադիմիր Նովիցկին նշել է, որ դատապարտյալների արտահանձնումը այլ երկրում պատիժը կրելու համար կանոնակարգվում է մի շարք միջազգային կոնվենցիաներով, որից վերջինը ընդունվել է 1983 թ.:
«Ըստ Կոնվենցիայի 3 հոդվածի Եվրոպայի խորհրդի անդամ երկրները կարող են փոխանցել այլ պետության քաղաքացի հանդիսացող անձանց իրենց երկրում պատիժը կրելու համար, եթե նրանց դատապարտման մասին դատավճիռը ենթակա չէ բողոքարկման, իսկ պատժաչափը, որը դատապարտյալը դեռ պետք է կրի, վեց ամսից պակաս չէ միջնորդության ստացման պահին, կամ անորոշ է:
Նա նշել է, որ այն երկիրը, որին արտահանձնվում է դատապարտյալը, պետք է ներկայացնի դատավճռի հավաստագրված պատճենը և օրենքով նախատեսված դրույթները, տեղեկանք արդեն կրած պատժի ժամկետի մասին, բժշկական և այլ տվյալներ դատապարտյալի մասին, ամբողջական տվյալներ նրա պահման ռեժիմի մասին և հանձնարարականներ դատավճռի իրականացման երկրում ռեժիմի վերաբերյալ:
Ըստ նրա, ԱՊՀ երկրների համար գործում է նաև 1993 թ. ընդունված Քաղաքացիական, ընտանեկան ու քրեական գործերի վերաբերյալ իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիան, որի դրույթները նույնն են, ինչ 1983 թ. Կոնվենցիայում:
Փորձագետ Սերգեյ Մարկեդոնովն իր հերթին նշել է, որ այդ պահանջի արդիականացման գործում մեծ դերակատարում ունեցավ «Պերմյակովի գործը»: «Մինչ այդ Հրաչյա Հարությունյանի մասին առանձնապես հաճախ չէին հիշում: Նույնիսկ դատը, որ այնքան էլ բարձր մակարդակով չանցավ, հուզումներ առաջացրեց հիմնականում համացանցում: Սակայն Պերմյակովի հետ կապված պատմությունից հետո իրավիճակը սրվեց»,-ասել է Սերգեյ Մարկեդոնովը:
Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:
Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:
Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:
Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը: