26 հուլիսի 2006 - 16:00 AMT
Ջոն Էվանսին ետ կանչելու հարցը ԱՄՆ Պետդեպարտամենտը քննարկում է Թուրքիայի հետ
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ Թուրքիայի ներկայացուցչի բանակցությունների սղագրությունը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին վաղաժամ ետ կանչելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ Պետդեպարտամենտը թուրքական կառավարության հետ միասին մոլորության մեջ է գցել արտերկրի գործերով սենատի հանձնաժողովին: «Ամեն մի նոր գրառման հետ պարզ է դառնում, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը աջակցում է այս հարցում Թուրքիային: Վերջին տվյալները լրացուցիչ պատճառ հանդիսացան Հայաստանում նոր դեսպանի թեկնածությունը չհաստատելու համար»,-ասել է ԱՀԴՀ ղեկավար Քեն Խաչիկյանը: «Հունիսի 23-ին Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վերաբերյալ հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ դեսպան Ջոն Էվանսը Երեւանում էր: Սենատոր Բայդենը գրավոր հարցով դիմեց պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին. «Պետդեպարտամենտը ունեցե՞լ է որեւէ կապ` գրավոր, էլեկտրոնային կամ բանավոր, Թուրքիայի կառավարության հետ` կապված դեսպան Էվանսի հետ»: Իրավական հարցերով Պետդեպարտամենտի օգնական Ջեֆրի Բերգները պատասխանեց, թե հայտարարություններն ԱՄՆ վրա թուրքական կառավարության ճնշումների մասին Էվանսի հարցում ճիշտ չեն` «Թուրքիան եւ ԱՄՆ-ն այդ հարցի վերաբերյալ դիվանագիտական փաստաթղթեր չեն փոխանակել»,-հաղորդում է ԱՀԴՀ-ն:
Այնուհետեւ մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ 2005 թվականի փետրվարի 24-ին Սան Ֆրանցիսկոյում Էվանսի ելույթի ժամանակ, երբ նա խոսում էր Հայոց ցեղասպանության մասին, թուրք գործակալը կապվել է Պետդեպարտամենտի հետ: 2005 փետրվարի 28-ին, առաջին զանգից մեկ շաբաթ անց, դեսպան Էվանսը հայտարարեց, թե դա իր կարծիքն էր, արտահայտված մասնավոր զրույցում: Ավելի ուշ, Լիվինգսթոնի խումբն ԱՄՆ կոնգրեսում, որն աջակցում է Թուրքիային եւ Ադրբեջանին, հայտարարեց երեք հեռախոսազանգերի մասին թուրք գործակալներից մեկի եւ Անկարայում դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչներից մեկի հետ: 2005 թվականի մարտի 1-ին Էվանսը հրապարակայնորեն հայտարարեց իր արտահայտությունը վերափոխելու մասին: