5 մարտի 2015 - 11:32 AMT
Պատասխան Պուտինին. Ադրբեջանն ու Բուլղարիան հիշել են Nabucco գազամուղի նախագծի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պայմանագիր են ստորագրել Nabucco նախագծի վերսկսման մասին, որով նախատեսվում էր ադրբեջանական գազը հասցնել Եվրոպա:

Ալիևի և Բորիսովի բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել Nabucco գազամուղի նախագիծը կյանքի կոչելու մասին:

«Մենք ցանկանում ենք, որ Nabucco նախագիծը, ավելի ճիշտ, նրա մի մասն, որն անցնելու է Բուլղարիայի տարածքով, կյանքի կոչվի»,-ասել է Բորիսովը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ավարտին:

«Արդեն այսօր մենք պարոն Ալիևի հետ միասին Եվրահանձնաժողովին կներակայացնենք Nabucco-ի ապասառեցման նախագիծը»,-ասել է Բորիսովը:

Բուլղարիայի վարչապետը նշել է, որ Բուլղարիան Եվրամիության լոյալ անդամ է ու երկիրը կատարել է Երրորդ էներգետիկ փաթեթի բոլոր պահանջները, ինչն արտահայտվեց ռուսական «Հարավային հոսք» նախագծից հրաժաշվելու մեջ:

«Բուլղարիան իր մոտեցումը կցուցաբերի նաև «թուրքական հոսքի» հարցում, որն իրականացնում են Ռուսաստանն ու Թուրքիան»,-ասել է Բորիսովը, գրում է Haqqin.az-ը:

«Բուլղարիան չի կարող նախագծերն արգելակողի դերում հանդես գալ, այլ կծառայի Եվրահանձնաժողովի շահերին: Այս պայմաններում Nabucco նախագիծը բխում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության շահերից, և մենք տարիներով աջակցել ենք այդ նախագծին»,-ասել է նա:

Բուլղարիայի վարչապետը կարևորել է նաև գազի հարավային միջանցքը: Բորիսովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը բանակցությունների ժամանակ ասել է, որ BULGARGAZ բուլղարական ընկերությունը կարող է այդ նախագծի փայատերերից մեկը դառնալ:

Ավելի վաղ Եվրամիությունը փորձում է պայմանավորվել Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ ԵՄ գազի առաքումների մասին՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել աղբյուրները «Հարավային հոսք» նախագծից հրաժարվելու մասին ՌԴ հայտարարությունից հետո: Նպատակն է «գազով հարուստ, բայց քաղաքականապես զգայուն երկրներին՝ Ադրբեջանին և Թուրքմենստանին, ներգրավել Եվրամիության էներգետիկ ռազմավարության մեջ»: ԵՄ-ին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել առաքումների աղբյուրները՝ նվազեցնելու համար կախվածությունը ռուսական «Գազպրոմից»: Ինչպես Financial Times-ին է ասել Եվրահանձնաժողովի էներգետիկ միության փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը, Ադրբեջանից և Թուրքմենստանից գազի առաքումները դժվարացնում է ՌԴ դիրքորոշումը, որը «գտնում է, որ Կասպից ծովի տարածաշրջանի ափամերձ տարածքներից գազի առաքումներ կարող են իրականացվել միայն հարևան երկրների համաձայնությամբ»: Նա նշել է, որ հույս ունի, որ ԵՄ-ն կգտնի «տեխնիկական և իրավական բազա» թուրքմենական գազի առաքումների համար:

«Nabucco» գազատարի շինարարությունը, որը կոչված է Կասպից տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից գազ տեղափոխել եվրոպական երկրներ, պետք է սկսվեր 2015-ին և ավարտվեր 2018-ին: Նախնական գնահատականներով, Nabucco-ի շինարարության արժեքը կազմելու էր 7,9 մլրդ եվրո: Գազատարի անցումային հնարավորությունը նախատեսված էր տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր: Ի սկզբանե նախագիծը ենթադրում էր 3900 կմ երկարության խողովակաշարի անցկացում, որը պետք է Միջին Ասիայի երկրները կապեր Ավստրիայի հետ Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի ու Հունգարիայի տարածքով: Հզորությունը պետք է կազմեր 31 մլրդ խմ գազ: Սակայն հետագայում հայտարարվեց, որ հզորությունը կնվազի երկու անգամ և գազամուղը կանցնի միայն Ավստրիայով ու Բուլղարիայով:

2013-ին Եվրահանձնաժողովը պաշտոնապես հրաժարվեց նախագծից: Ռուսաստանը բազմիցս համոզում էր բոլորին, որ Nabucco նախագիծը չարդարացված թանկ է՝ համոզելով բոլորին, որ տասնյակ միլիոնավոր դոլարը զուր կծախսվի, քանի որ գազի հանքավայրը չի կարող ապահովել պահանջված քանակը: Ադրբեջանն իր գազը Եվրոպա վաճառելու համար ընտրեց երկու այլ նախագիծ՝ TANAP-ն ու TAP-ը:

Սակայն, երբ Պուտինը հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից և հայտարարեց «Թուրքական հոսք» նախագծի մասին, որով ռուսական գազը Թուրքիայի տարածքով կառաքվի Հունաստան, Եվրոպայի էներգետիկ քարտեզը խառնվեց: Իսկ հիմա Ադրբեջանն ու Բուլղարիան պատասխանում են Պուտինի քայլին: