7 մարտի 2015 - 17:16 AMT
Նյու Յորքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցույցը նախորդներից ամենամեծը կլինի

Նյու Յորքի հայկական մի շարք կազմակերպություններ կոչ են անում 2015-ի ապրիլի 26-ին մասնակցել քաղաքի գլխավոր՝ Թայմս Սքուեր հրապարակում կայանալիք ցույցին, որը նվիրված է 1915-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, գրում է Tert.am-ը:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես, ցույցի նպատակն է պահանջել ԱՄՆ կառավարությունից ճանաչել պատմական ողբերգության փաստը և ցույց տալ Թուրքիայի կառավարությանը, որ նրանք չեն կարող ժխտել իրողությունը։ Ցույցի կազմակերպիչները կոչ են անում համախմբվել այդ օրը, և խոստանում են, որ դա լինելու է նախկինում երբևէ կազմակերպված ցույցերից ամենամեծը:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների համատեքստում 2014-ի ապրիլի 27-ին Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում կայացել է հայ համայնքի կողմից կազմակերպվող ամենամյա հիշատակ-բողոքի ակցիան, որի այդ տարվա խորագիրն էր «Թուրքիան մեղավոր է Ցեղասպանության համար. Հերքելը անհերքելի հանցագործություն է»:

Բազմամարդ միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ կոնգրեսականներ, Նյու Յորքի նահանգային օրենսդիր մարմնի և քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, բազմաթիվ հասարակական ու մշակութային գործիչներ, տեղական մամուլի ներկայացուցիչներ: