Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիբանանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀայաստանիևԼիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրի միջև պաշտպանական բնագավառում գործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և հյուրերին ներկայացրել գործակցության հնարավոր առաջնահերթ ուղղությունները:
Լիբանանյան կողմը նույնպես կարևորել է երկու երկրի բարեկամական հարաբերությունները գործակցային դաշտ տեղափոխելու պատրաստակամությունը:
Նույնը օրը պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպմանը քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ, ինչի արդյունքում մոտ ապագայում գործակցությանը կհաղորդվի գործնական բնույթ:
Քննարկվել են նաև երկու երկրի միջև 2001 թվականին ստորագրված ռազմական գործակցության մասին համաձայնագրի արդիականացմանը և 2015-ի երկկողմ գործակցության պլանին առնչվող հարցեր:
2014-ի նոյեմբերի 26-ին Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը:
Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում: Հայկական խաղաղապահ ստորաբաժանման Լիբանան ճանապարհման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլին:
Այն մասին, որ հայ խաղաղապահներ կտեղակայվեն նաև Լիբանանում մասնավորապես ասել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին իտալական Corriere della Serra թերթին տված հարցազրույցում: Նախագահն այն ժամանակ նշեց, որ ՀՀ կառավարությունը մշտապես սատարել է տարածաշրջանային կայունացմանն ուղղված խոշոր կոալիցիաների ջանքերին: