Իսլանդիայի իշխանությունները պաշտոնապես հետ են կանչել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ 2006 թ. ներկայացված հայտը, հայտնում է Լենտա.ռու-ն Իսլանդիայի ԱԳՆ կայքի վրա հղումով:
Հայտը հետ կանչելու մասին Իսլանդիայի ԱԳ նախարար Գունար Բրագի Սվենսոնը տեղեկացրել է ԵՄ Խորհրդում նախագահող Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգար Ռինկևիչին: Նա Ռինկևիչին է փոխանցել ԵՄ ղեկավարությանը հասցեագրված նամակը Եվրամիությանն անդամակցելուց հրաժարվելու վերաբերյալ:
«Այսպիսով կառավարությունը կարծում է, որ Իսլանդիան այլևս ԵՄ անդամակցության թեկնածու երկիր չէ և խնդրում է ԵՄ-ին հետագայում ղեկավարվել այս որոշմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Սվենսոնը հանդիպման ժամանակ նշել է, որ Իսլանդիայի որոշումը չեղյալ է դարձնում ԵՄ առջև նախկին կառավարության ստանձնած պարտավորությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, սակայն, որ Ռեյկյավիկը ցանկանում է առաջիկայում ևս խորացնել գործակցությունը Բրյուսելի հետ:
Եվրամիութանն անդամակցելու հայտ Իսլանդիան ներկայացրել էր 2009 թ. երբ հայտնվեց ծանր տնտեսական վիճակում: Այն ժամանակ ասվում էր, որ անդամակցությունը ԵՄ-ին ավելի կայուն կդարձնի երկրի տնտեսությունն ու կկանխի ճգնաժամերը:
Անդամակցության շուրջ բանակցությունները սկսվեցին 2010 թվականին: Սակայն արդեն 2013-ին Իսլանդիայի նոր կառավարությունը, որը ձևավորվեց աջակողմյան կենտրոնամետ կոալիցիայի կողմից, որին անդամակցում են Անկախության կուսակցությունն ու Առաջադեմ կուսակցությունը, որոշեց կասեցնել բանակցությունները Բրյուսելի հետ և ԵՄ-ին անդամակցելու հարցը դնել հանրաքվեի: Լարվածությունը Եվրամիության և Իսլանդիայի միջև առաջացավ ձկնորսության ոլորտում ԵՄ քաղաքականության պատճառով, այն է որսի քվոտաների հարցում, որը ձեռնատու չէր Իսլանդիայի իշխանություններին:
ԵՄ-ից դուրս գալու տրամադրություններ են նկատվում նաև կազմակերպությանն արդեն անդամակցող որոշ երկրներում:
2014-ի դեկտեմբերին հարցմանը մասնակցած Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին՝ 51 տոկոսը, կողմ արտահայտվեց Եվրամիության կազմից դուրս գալուն: Միացյալ Թագավորությունն Արևմտյան Եվրոպայի միակ երկիրն է, որի բնակչության մեծ մասին չի գոհացնում իրենց պետության անդամակցությունը դաշինքին: Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այդ առիթով հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նման քայլը կարող է պատմական սխալ հանդիսանալ ու մեծապես ազդել ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլ նաև ամբողջ Եվրոպայի ապագայի վրա:
«Բրիտանիան պատմական սխալ կգործի, եթե որոշի դուրս գալ ԵՄ-ից: Արդյունքում երկիրը կարող է չպահպանել զարգացման նույնիսկ առկա մակարդակը: Ես վստահ եմ, որ մեր ապագան Եվրոպայի բնակիչների հետագա մերձեցումն է: Իմ փորձից ելնելով, այն երկրները, որոնք օգտագործում են եվրոպական մակարդակը ազգային շահերի պաշտպանության համար, ավելի մեծ կշիռ ունեն աշխարհում»,-ասել է Բարոզուն:
Եվրամիությանն անդամակցելու համար թեկնածու երկիրը պետք է համապատասխանի 1993 թվականին ընդունված Կոպենհագենի չափանիշներին, որոնք նախատեսում են ժողովրդավարական սկզբունքների պահպանում, մարդու իրավունքների ու ազատությունների պահպանում, ինչպես նաև իրավական պետության սկզբունքը: Թեկնածուի կարգավիճակ ուներ 6 երկիր՝ Ալբանիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան ու Չերնոգորիան:
Մինչ օրս դեռ ոչ մի պետություն դուրս չի եկել Եվրամիության կազմից: