18 մարտի 2015 - 10:33 AMT
Եվրոպական 7 երկիր դեմ է Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներին

Մոսկվա այցելած Իտալիայի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդները, ինչպես նաև Իսպանիայի, Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի ղեկավարները, հավանաբար, դեմ կլինեն Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներին:

Փետրվարին Ռուսաստան այցելեց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, մարտի սկզբին Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, իսկ ապրիլի սկզբին Մոսկվա կժամանի Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Այդ երեք երկիրը, ինչպես նաև Հունգարիան, Սլովակիան, Ավստրիան ու Իսպանիան ավելի վաղ դեմ էին հանդես եկել ՌԴ դեմ «ուկրաինական պատժամիջոցներին»:

«Հավանական է թվում, որ այդ երկրները չեն համաձայնվի երկարացնել պատժամիջոցները հիմա և կձգձգեն որոշման կայացումը մինչև վերջին պահը»,-հայտարարել է Լոնդոնի եվրոպական բարեփոխման կենտրոնի արտաքին քաղաքականության գծով տնօրեն Յան Բոնդը:

«Պատժամիջոցներին դեմ հանդես եկող երկրների վստահությունը կարծես աճում է»,-ասել է Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի Եվրամիության արտաքի քաղաքականության գծով փորձագետ Սթիվեն Բլոքմանսը:

Արևմտյան երկրներն արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել ռուս քաղաքական գործիչների, գործարարների ու ընկերությունների դեմ Ուկրաինայի հարցում ՌԴ դիրքորոշման պատճառով: Վերջին անգամ այդ ցուցակը նորացվեց փետրվաին: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով:

Ի պատասխան Ռուսաստանը սահմանափակեց սննդամթերքի ներկրումը պատժամիջոցներ սահմանած երկրներից՝ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Կանադայից, Ավստրալիայից և Նորվեգիայից:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: