ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը եզակի հնարավորություն ունեն զգալիորեն բարելավելու երկու երկրների հարաբերությունները և լուծելու Իրանի միջուկային ծրագրի հարցը խաղաղ ճանապարհով: Ինչպես հայտնում է Reuters-ը Լենտա.ռու-ի փոխանցմամբ, Օբաման կոչ է արել Թեհրանին օգտվել վերջին տասնամյակների այս լավագույն շանսից:
«Մեկ այլ հնարավորություն կարող է մոտ ապագայում չլինել: Ես կարծում եմ, որ մեր ազգերը պատմական շանս ես ստացել լուծելու Իրանի միջուկային ծրագրի հարցը խաղաղ ճանապարհով: Մենք չենք կարող բաց թողնել այն»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ դիմելով Իրանի քաղաքացիներին Նովրուզի՝ իրանական նոր տարվա շեմին: Նա նշել է, որ «առաջիկա օրերն ու շաբաթները վճռական նշանակություն կունենան»:
«Միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռևս նաև մի շարք տարաձայնություններ կան: Որոշ մարդիկ, ինչպես Իրանում, այնպես էլ ԱՄՆ-ում, նախկինի պես դեմ են հարցի դիվանագիտական լուծմանը»,-ասել է ԱՄՆ նախագահը: Ըստ նրա, Թեհրանը երկու ճանապարհ ունի. Իրանի մեկուսացում ու պատժամիջոցների պահպանում կամ առևտրի զարգացում և օտարերկրյա ներդրումներ: «Սա է այսօր օրակարգում»,-ասել է նա:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները «վեցյակի» (ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) և Իրանի միջև վերսկսվեցին 2013-ին, երբ նախագահ դարձավ Հասան Ռոուհանին: Նա խոստացավ, որ քայլեր կձեռնարկի դուրս բերելու համար երկիրը միջազգային մեկուսացումից: Ակնկալվում է, որ մարտի վերջին շրջանակային համաձայնագիր կստորագրվի Թեհրանի հետ, իսկ մինչև հուլիսի 30-ը՝ վերջնական:
2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի արտահանումը: Մեկ տարի անց համաձայնագիր դեռ մշակված չէր, գոյություն ունի միայն «գործողությունների միջանկյալ պլան»: Կողմերը երկարացրել են բանակցությունները մինչև 2015-ի հունիսի վերջ:
ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Դեռ 2002թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դասեց Իրանը «չարիքի առանցքի» երկրների շարքին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին ու ձգտում միջուկային զենք ստանալ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: