3 օգոստոսի 2006 - 15:06 AMT
Սենատոր Քոլեմանին մտահոգում է Հայոց ցեղասպանության իրողությունը չճանաչելու ԱՄՆ քաղաքականությունը
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի «Դեյլի քոմենթ» թերթը եւ ամերիկյան մի շարք այլ պարբերականներ հրապարակել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Նորմ Քոլեմանի խոստումը, թե ինքը դեմ է քվեարկելու նախագահ Բուշի ներկայացրած թեկնածուին` Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան նշանակելու առաջարկին: «Ինձ շարունակում է անհանգստացնել պատմական իրողությունը չճանաչելու մեր քաղաքականությունը: Բուշի վարչակազմը ընդունում է, որ թուրքական զորքերը 1915 թվականից սկսած սպանել եւ արտաքսել են մեկուկես միլիոն հայ, սակայն այդ մասին խոսելիս բաց է թողնում «ցեղասպանություն» բառը», - ասել է սենատոր Քոլեմանը: Թերթերը հիշեցնում են նաեւ, որ Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը համաձայնել է հետաձգել լսումները, սակայն չի նշել, թե ինչպես է քվեարկելու: «Վարչակազմը պետք է փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ», - նշել է սենատոր Բոքսերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: