Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացվել է, որ հայ զինվոր է հայտնվել Ադրբեջանում և ներկա պահին կապի մեջ է իշխանությունների պատասխանատու ներկայացուցիչների հետ, ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով ԼՂՀ-ում երեկ պայմանագրային զինծառայողի սահմանն անցնելու դեպքին:
Հարցին, թե տեղեկություն ունե՞ն՝ ինչ վիճակում է զինծառայողը, Զառա Ամատունին պատասխանել է՝ այս պահին որևէ բան ասել չի կարող, գրում է Tert.am-ը:
«Մենք հետևում ենք միջադեպին, առայժմ երկխոսություն ենք վարում և ընդամենը տեղեկացվել ենք տեղի ունեցածի մասին»,-ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար: Իսկ ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։ Կատարվում է նախաքննություն:
Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991-ին ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջումնշել է՝ Անդրանիկ Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ․ «Սակայն, կարծում ենք՝ ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն, որ նա միայնակ մինչև ատամները զինված հարձակվել էր Ադրբեջանի վրա և նրանց ասկյարները մի կերպ են չեզոքացրել հայ ռեմբոյին», գրել է նա։