ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 24-ին բանաձև է ընդունել, հորդորելով ԱՄՆ նախագահին հավանություն տալ զենքի առաքումներին Ուկրաինա:
Խորհրդատվական բնույթի այդ փաստաթղթի օգտին է քվեարկել 348 օրենսդիր, դեմ՝ 48-ը: Բանաձևը կոչ է անում նախագահին «կիրառել Կոնգրեսի կողմից տրամադրած լիազորությունները Ուկրաինային մահաբեր պաշտպանական սպառազինություն մատակարարելու համար»:
Ըստ փաստաթղթի հեղինակների, այդ քայլը թույլ կտա «ավելացնել ուկրաինական ժողովրդի հնարավորությունները ինքնիշխանությունը պաշտպանելու համար»:
Մարտի 10-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է հետաձգել մահաբեր պաշտպանական զենքի առաքումն Ուկրաինա Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո: Օբաման նման որոշում կայացրեց չնայած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների ճնշմանը, ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների:
Փաստաթղթում ասվում է, որ «ԱՄՆ շահերից է բխում անկախ, ժողովրդավարական ու բարգավաճ Ուկրաինան»: Բանաձևի հեղինակները բացառապես Ռուսաստանին են պատասխանատու համարում Ուկրաինայի արևելքում զոհվածների համար: Ընդ որում նրանք լռում են այն մասին, որ փախստականների գերակշիռ մասը ՌԴ տարածքում է գտնվում:
«Եթե մենք ագրեսիա թույլ տանք Ուկրաինայի դեմ և մի կողմ քաշվենք, նույնիսկ պաշտպանվելու հնարավորոթյուն չտալով ուկրաինացիներին, ապա դրանով իսկ կասենք համաշխարհային հանրությանը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը պահպանելու մեր պատրաստակամությունը նվազել է»,-ասել է բանաձևի հեղինակներից հանրապետական Էդ Ռոյսը: Նրա համահեղինակ դեմոկրատ Էլիոթ Էնջելը հայտարարել է, որ «Ուկրաինայի ժողովուրդը հույսը չի դնում ամերիկյան զորքերի վրա»: «Նրանք ուղղակի զենք են ուզում ստանալ պաշտպանվելու համար»,-ասել է նա:
Ուկրաինայի ԱԳ ղեկավար Պավել Կլիմկինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ամերիկացի կոնգրեսականներին բանաձևի համար: «Ես շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու կոչով բանաձև ընդունելու համար»,-գրել է նա Twitter-ում:
Մինչդեռ միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ Ուկրաինան, ըստ վերլուծաբանների, մտադիր չէ մինչև տարեվերջ ՌԴ-ին վերադարձնել 3 մլդր դոլար պարտքը, սակայն պատրաստ է սպառազինության համար 3,8 մլրդ դոլար վճարել: Նախօրեին այդ մասին գրել էր բրիտանական Financial Times-ը: Խոսքը դեռևս Յանուկովիչի կառավարությանը տրամադրած վարկի մասին է, որի մարման ժամկետը սպառվում է դեկտեմբերին:
Այս տարի Ուկրաինան վարկատուներին պետք է 11 մլրդ դոլար վճարի, իսկ մարտի դրությամբ երկրի ոսկու և արժույթի պաշարները կազմում են 5,6 մլրդ դոլար:
ԱՄՀ դրական որոշումից հետո Ուկրաինան բանակցություններ կսկսի փոխառությունների մի մասի վերաձևակերպման շուրջ, ինչն, ըստ կառավարության գնահատականի, թույլ կտա կրճատել արտաքին փոխառություններով վճարումները 15 մլրդ դոլարով: 2020-ին փոխառությունների հարաբերակցությունը ՀՆԱ հանդեպ կկազմի 70 տոկոս, ինչը համապատասխանում է ԱՄՀ պահանջներին:
Գրիվնան սկսեց թուլանալ փետրվարի վերջում, երբ նրա արժեքը հասավ մեկ դոլարի դիմաց 40 գրիվնայի: Սակայն մարտի 11-ի դրությամբ պաշտոնական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմեց 21,55 գրիվնա: Դա կոշտ միջոցների արդյունքն էր:
Վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՀ-ն ներառել է ուկրաինական պետական պարտատոմսերը ուկրաինական արտաքին պարտքի վերաձևակերպման ծրագրում: Ըստ Ուկրաինայի տնտեսական փրկության հիմնադրամի պլանի, Կիևի պետպարտքերի գումարը, որոնք վճարման են ենթակա ընթացիկ տարում, պետք է կրճատվի 7,7 մլրդ դոլարից մինչև 5,2 մլրդ դոլար:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը համաձայնվել է 17,5 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային առաջիկա չորս տարվա համար: Դա թույլ կտա երկրին խուսափել սնանկությունից. Ուկրաինան չի կարողանում վճարել ընթացիկ պարտքերը: Կառավարությունը հուսով է, որ ԱՄՀ-ին կհաջորդեն մյուս դոնորները, սակայն դա կախված կլինի իշխանությունների ակտիվությունից երկրի տնտեսության բավականին ցավոտ բարեփոխման ուղղությամբ:
Փետրվարի 12-ին «նորմանդական քառյակի» ձևաչափով Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Փետրվարին մի խումբ կոնգրեսականներ օրինագիծ ներկայացրեցին Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին, որով նախատեսվում է մինչև 2017 թ. 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն, զենք ու տեխնիկա տրամադրել: Խոսքը ուսումնական սպառազինության, պաշտպանական մահաբեր զենքի, լոգիստիկ աջակցության, ապահովման միջոցների, ինչպես նաև հակատանկային համակարգերի ու ռադարների մասին է:
Մարտի 7-ին ԱՄՆ-ն հետաձգեց ուկրաինացի զինծառայողների վարժեցման համար ռազմական մասնագետների գործուղումն Ուկրաինա, քանի որ «սպասում է, որ Մինսկի պայմանավորվածությունները կկատարվեն»: Ուսուցողական առաքելությունը, որի մասին Պենտագոնը հայտարարեց նախորդ տարվա օգոստոսին, պետք է սկսվեր մարտին: Նախատեսվում էր, որ ամերիկացի զինվորների գումարտակն այնտեղ կվարժեցնի «պաշտպանվել ռուսների ու աշխարհազորայինների հրետանուց» Ուկրաինայի Ազգային գվարդիայի երեք գումարտակների զինվորներին: