24 մարտի 2015 - 12:55 AMT
ԱԺ-ն միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն

Ազգային ժողովում այսօր՝ մարտի 24-ին, միաձայն ընդունվել է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:

Դրանում նշված է՝ ՀՀ ԱԺ-ն, առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946-ի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձևի, 1948-ի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», 1968-ի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, արձանագրելով հայ, հույն և ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը:

Հայտարարությունը հիմնավորվում է փատով, որ 1948-ին ՄԱԿ-ը ընդունել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան», որում հստակ նշված են այն չափանիշները, որոնց համաձայն իրականացված քաղաքականությունը որակվում է որպես ցեղասպանություն:

Մարտի 23-ին ՍԺ-ում քննարկվել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ նախագիծը կազմելիս առաջնորդվել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով:

«Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»,- ասել է նա և ավելացրել, որ այս նախագիծը նոր չի մշակվել՝ սկիզբը դրվել է Վահան Հովհաննիսյանի հետ՝ չորս տարի առաջ:

Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը՝ 2010-ի մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ.՝ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը: