Մարտի 26-ին իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտում օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը», հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ընթացիկ տարում սա արդեն երրորդ իսպանական քաղաքն է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Մարտի 17-ին Իսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Որոշման մեջ նշված է, որ 1915-1921թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցավ հայ ժողովրդի կոտորածների և տեղահանումների մի շարք, հատկապես երիտթուրքերի ռեժիմի ընթացքում, որի ժամանակ զոհվեց 1.5 միլիոն հայ, ևս 2 միլիոնը ստիպված էին լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել ամբողջ աշխարհում՝ ստեղծելով հայկական սփյուռքը: Բետերայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունները, որ կատարվեցին դրա ընթացքում: 2015-ի հունվարի 15-ին իսպանական Բուրխասոտի քաղաքային խորհուրդը ևս պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2014-ի հունիսի 24-ին Նավարան դարձավ Իսպանիայի չորրորդ ինքնավար տարածաշրջանը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, ատալոնիան ու Բալեարյան կղզիները: