Google կորպորացիան դուդլ է ստեղծել ապրիլի 7-ին Հայաստանում նշվող Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Անիմացիոն պատկերը հասանելի է որոնողական համակարգի հայալեզու հատվածում google.am հասցեով:
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր, բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
Տոնական օրերին, հայտնի մարդկանց ծննդյան օրերին, խոշոր իրադարձությունների ժամանակ Google-ն իր լոգոտիպը փոխում է այսպես կոչված դուդլի (անգլերենից թարգմանաբար doodle նշանակում է խղբզել, անփույթ նկարել)՝ պատկերների, անիմացիաների և նույնիսկ փոքր խաղերի, որոնք առնչություն ունեն իրադարձությանը: