Եվրամիության երկրները «գաղտնիության պայմաններում եվրոյի գոտուց Հունաստանին հեռացնելու ծրագիր են մշակում», նկատի ունենալով, որ մայիսին Աթենքը կարող է իրեն սնանկ հայտարարել: Այդ մասին հայտնել է The Times-ը:
Ըստ պարբերականի, այդ ծրագիրը շարադրված է Գերմանիայի հետ համագործակցությամբ Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության մշակած փաստաթղթում: Նրա հեղինակները զգուշացնում են, որ այս գարնանը հարկ կլինի «դժվարին քաղաքական որոշումներ կայացնել»: «Եվրոյի գոտու մյուս երկրների լռելյայն համաձայնությամբ մի գործընթաց է սկսվել, որի արդյունքում Հունաստանը կարող է հեռացվել եվրոյի գոտուց»,-ասվում է փաստաթղթում, որը թվագրված է մարտի 27-ով:
Ֆինլանդիայում վստահ են, որ վերջին 3 տարիներին իրականացված բարեփոխումներն ու ԵԿԲ ձեռնարկած միջոցների արդյունքում «եվրոն կարող է դիմանալ փոթորկին, եթե Հունաստանը հրաժարվի միասնական եվրոպական արժույթից»,-նշում է թերոը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հունաստանը մտադիր է պայմանավորվել Եվրախմբի հետ ապրիլի 24-ին Ռիգայում` եվրոյի գոտու ֆինանսների նախարարությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հույս ունենալով, որ կտրամադրվի ԵՄ վարկային ծրագրի 7,2 մլրդ եվրո վերջին մասնաբաժինը: Ինչպես նաև նախատեսվում է հունիսին բանակցել 324 մլրդ եվրոյի հասնող արտաքին պարտքի վերակազմավորման մասին: Սակայն վարկատուները կարծում են, որ կանխիկ միջոցների պաշարները Հունաստանին կբավականացնեն մինչև մայիսի կեսը:
Մինչդեռ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԵՀ-ն նման հարց չի քննարկում: «Գոյություն չունի որևէ երկիր եվրոյի գոտուց հեռացնելու իրավաբանական մեխանիզմ: Եվրահանձնաժողովը ելնում է Հունաստանի և միջազգային ինստիտուտների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններից` Աթենքին միջազգային ֆինանսական աջակցությունը բարեփոխումների նոր ծրագրի հիման վրա երկարացնելու մասին»,-ասել են ԵՀ-ում:
Տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին ավելի վաղ հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հնարավոր է համարում Հունաստանի դուրս գալը եվրոյի գոտուց, սակայն հասկանում է, որ դա բացասական հետևանքներ կունենա արժութային միության համար:
Նա հավելել է, որ ԵՀ-ն չի ձգտում ցանկացած գնով պահել Հունաստանին եվրոյի գոտում: Երկիրը կմնա միության կազմում, եթե Աթենքը կատարի եվրոյի գոտու պահանջներն ու նորմերը: Մոսկովիսին նշել է, որ արժութային միության փլուզումը կվնասի բոլոր անդամներին, իսկ ամենամեծ վնասը կկրի Գերմանիան:
Փետրվարի 24-ին եվրախումբը հավանություն տվեց հունական բարեփոխումների ծրագրին և երկարացրեց Աթենքի ֆինանսական աջակցության ծրագիրը մինչև 2015-ի հունիսը: Հունաստանի կառավարությունը չի ցանկանում բանակցել Եվրամիության և ԱՄՀ ֆինանսական աջակցության շուրջ, քանի որ դա պահանջում է խիստ տնտեսման ռեժիմ: Հունաստանի ընդհանուր պարտքը կազմում է 320 մլրդ եվրո:
Մարտի 16-ին Հունաստանը ԱՄՀ-ին փոխանցեց հերթական 581 մլն եվրոն իր պարտքի դիմաց, գրում է «Փրայմը», «Վիմա» թերթի կայքի վրա հղումով:
Հաջորդ վճարումը մարտի 20-ին է՝ պետք է փոխանցվի 348 մլն եվրո: Բացի այդ, մարտի 20-ին պետք է մարվեն եռամսյա գանձապետական պարտատոմսերը 1,6 մլրդ եվրոյի:
Երբ 2010-ին սկսվեց պարտքային ճգնաժամը, Աթենքը ստիպված եղավ դիմել արտաքին ֆինանսական օգնության: Երկու տարի անց Հունաստանը համաձայնության եկավ վարկատուների եռյակի հետ ի դեմս ԵՄ-ի, Եվրոպական կենտրոնական բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի: Ուստի, Աթենքին բազմամիլիարդանոց վարկեր տրամադրվեցին, մարվեց մասնավոր վարկատուների առջև նրա պարտքերի կեսը, իսկ փոխարենը մի շարք պահանջներ առաջադրվեցին, ինչպիսիք են խիստ տնտեսման միջոցները, մոտ 50 մլրդ եվրոյի պետական ակտիվների սեփականաշնորհումը մինչև 2015-ի ավարտը, կառուցվածքային բարեփոխումների իրականացումը: