Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 9-ին ձայների 127 կողմ և 13 դեմ հարաբերակցությամբ ընդունել է որոշում, որով կարևորում է Թուրքիայի և Հայաստանի կողմից իրենց պատմության վերաբերյալ ընդհանուր համաձայնության ձեռքբերումը, համոզմունք հայտնում, որ փոխադարձ ըմբռնման հասնելը 1915 թվականի վերաբերյալ անհրաժեշտ է երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթացի համար, հույս հայտնում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները Նիդերլանդներում և այլուր իրենց ներդրումը կբերեն ներգրավված համայնքների միջև հարգանքի ու միմյանց ընդունման ձևավորմանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Որոշմամբ նաև հանձնարարվում է Նիդերլանդների կառավարությանը, 2004 թվականին կոնսենսուսով ընդունված Ռաուֆուտի որոշմանը համահունչ, երկկողմանիորեն և Եվրամիության համատեքստում շարունակել կոչ անել Թուրքիայի կառավարությանը՝ նոր խթան հաղորդել Հայաստանի հետ մերձեցմանը և հաշտեցման եզրեր փնտրել Հայաստանի կառավարության հետ:
Նիդերլանդների խորհրդարանը 2004 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Դեռևս 2011 թ. հոլանդական խորհրդարանում լսումներ անցկացվեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու շուրջ: Օրինագիծը 2006 թ. ներկայացրել էր խորհրդարան «Քրիստոնյա միություն» խմբակցությունը, սակայն այն այդպես էլ չստացավ մեծամասնության աջակցությունը: Օրինագծի ընդդիմադիրները իրենց մերժումը պատճառաբանեցին նրանով, որ նմանատիպ օրենք արդեն գործում է Հոլանդիայում: Բացի այդ, այն սահմանափակում է խոսքի ազատությունը:
Օրինագծի հեղինակները նշեցին, որ Ցեղասպանության ժխտման քրեականացման անհրաժեշտությունը հիմնավարված է ԵՄ 2008 թ. նոյեմբերի 28-ին «Պայքարը ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի ու դրսևորումների դեմ քրեական իրավունքի միջոցով» շրջանակային համաձայնագրով, ինչը քրեական պատիժ է ենթադրում Ցեղասպանության ժխտման համար: Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում հանցագործության ժխտումը համարվում է լուրջ զանցանք և այդ սահմանմանը չի համապատասխանում: Որպես ցեղասպանության օրինակներ հիշատակվում էին Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Ռուանդայի և Սրեբրենիցեի ցեղասպանությունները: