Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ԱՄՆ-ի հայկական համայնքի անունից կրկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կատարել իր խոստումն ու անկեղծ խոսել Հայոց Ցեղասպանության մասին` հետևելով Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապի օրինակին։
Կիրակի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն», հայտնում է «Նովոստի Արմենիան» ANCA–ի մամուլի հաղորդագրության վրա հղումով:
«Հայոց ցեղասպանության մասին Ֆրանցիսկոս պապի պատմական ելույթը պետք է ազդակ դառնա նախագահ Օբամայի համար, որպեսզի նա կատարի իր խոստումն ու ճանաչի այս սարսափելի հանցագործությունը», – նշել է Համբարյանը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչ նախագահ դառնալը խոստացել էր Օսմանյան կայսրությունում 1915 թ.–ին տեղի ունեցած իրադարձությունները բնութագրել «ցեղասպանություն» բառով։ Սակայն ԱՄՆ առաջնորդը չի պահել իր խոստումն ու ամեն տարի ապրիլի 24–ին հայ ժողովրդին ուղղված իր ավանդական ելույթում նա օգտագործում է «Մեծ եղեռն» արտահայտությունը, որը հայերեն նշանակում է «մեծ ցեղասպանություն» կամ «մեծ ջարդ»։
«Հրապարակայնորեն անտեսելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի մերժումը` նախագահ Օբաման ավարտում է ճշմարտության ժխտման և այս հանցագործության մեջ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հարցում Անկարայի ջանքերին մասնակից դառնալու ամոթալի դարաշրջանը», – ասել է ANCA–ի նախագահը։
Համբարյանի խոսքերով` Օբամայի նմանատիպ սկզբունքային դիրքորոշումը ԱՄՆ–ին կհեռացնի հարցի ճիշտ լուծումից, ինչպես նաև կխանգարի ԱՄՆ–ի տարածաշրջանային շահերին` հայ–թուրքական հարաբերությունների համար լավագույն ապագայի ստեղծման գործում։
«Թուրքիան, ինքն իրեն վտանգելով, թերագնահատում է մեր համաշխարհային, խորապես բարոյական շարժման ուժը, որը ոգեշնչված է ճշմարտությամբ և արդար ու շարունակական խաղաղության մեր ընդհանուր հույսով, որը հիմնված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա», – հայտարարել է Համբարյանը։
Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:
Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:
Ապրիլի սկզբին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամները համատեղ նամակ են հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով վերջինիս ապրիլքսանչորսյան իր ուղերձում «ինչպես հարկն է» հայտարարել, որ Հայոց ցեղասպանությունը Ցեղասպանության հստակ դեպք է, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վրա հղումով: Օբամային ուղղված նամակը նախաձեռնել են Ներկայացուցիչների տան Հայկական հանձնախմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդը (հանրապետական) և Ֆրենք Փալոնը (դեմոկրատ):
Ավելի վաղ նույնաբովանդակ մի նամակ էլ, սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ) և Քորի Գարդների (հանրապետական) նախաձեռնությամբ, ԱՄՆ նախագահին հղել էին սենատորները: