14 ապրիլի 2015 - 13:18 AMT
Թուրքական հիստերիան շարունակվում է. «Հայերը լվացել են Հռոմի պապի և արգենտինացիների ուղեղը»

Թուրք պաշտոնյաները շարունակում են արտահայտել իրենց զայրույթը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ապրիլի 12-ի կիրակնօրյա պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ձևակերպումների շուրջ. նա մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները որակել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Վերջին վրդովված պատասխանը Թուրքիայի Եվրոպական հարցերի նախարար Ոլքան Բոզքըրինն է, ով հայտարարել է, թե բոլոր արգենտինացիների և ոչ միայն Հռոմի պապի «ուղեղները լվացել են իրենց մեջ ապրող հարուստ և հզոր հայերը», ամերիկյան New York Times-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Այնուհետև նախարար Բոզքըրը փորձել է Թուրքիայի ազգային հեռուստաընկերության եթերում բացատրել, թե որտեղից կարող էին արգենտինացիներն իմանալ 1915-23թթ շրջանում մոտ 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունների մասին: «Արգենտինայում հայկական սփյուռքը կառավարում է մամուլը և բիզնեսը», - ասել է թուրք նախարարը, ով ոչ մի ապացույց չի ներկայացրել:

Միջազգային գրեթե բոլոր առաջատար գործակալություններն ու այլ լրատվամիջոցները Breaking news ձևաչափում տարածել են այս փաստը, որոշները, օրինակ՝ AP-ն, հավելել են նաև, որ սա Թուրքիային հաստատ կբարկացնի: Բավականին ամբողջական անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը:

Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Պատարագն ուղիղ հեռարձակվել է: Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։