14 ապրիլի 2015 - 16:07 AMT
Իսրայելի Քնեսեթի պատգամավորները կժամանեն Երևան` մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին

Իսրայելի Քնեսեթի պատվիրակությունը կմեկնի Հայաստան` մասնակցելու ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Նշվում է, որ խորհրդարանական պատվիրակության այցը չի նշանակում, որ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումն այդ հարցում փոխվել է: Նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել` կոչ անելով Թել Ավիվին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պահանջագրի տեքստը կազմված է երեք լեզվով. անգլերեն, եբրայերեն և ռուսերեն:

Պահանջագրում մասնավորապես ասվում է. «Ցեղասպանության փաստն անգամ փոքր կասկածի տեղ չի թողնում, ավելին, հենց իսրայելցի գիտնականներն են առաջինը սկսել այն ուսումնասիրել:

Նույնիսկ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրել հրեա Ռաֆայել Լեմկինը` բնորոշելու համար հայերի զանգվածային կոտորածն Օսմանյան կայսրությունում և հրեաների ջարդերը նացիստական Գերմանիայի կողմից գրավված տարածքներում:

Առավել ևս վիրավորական է և նույնիսկ խայտառակություն է տեսնել, որ Իսրայելի Քնեսեթն ու ԱԳՆ-ն ունակ չեն ճանաչելու ցեղասպանության փաստմ, իբր, ի շահ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների: Աշխարհի 23 երկիր արդեն արել է այդ քայլը: Ժամանակն է, որ Իսրայելը ևս 1,5 մլն հայերի սպանդը պաշտոնապես ցեղասպանություն ճանաչի: 2015-ի ապրիլին լրանում է այդ սոսկալի իրադարձությունների 100-րդ տարելիցը: Արդարությունը վերականգնելը երբեք ուշ չէ»:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է ասել ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, XV գումարման Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը, սա երկարաժամկետ նախագիծ է, պարտադիր չէ, որ այն հենց ապրիլի 24-ին ավարտին մոտենա: «Մենք մտադիր ենք հզոր քարոզարշավ ձեռնարկել, այդ թվում տարբեր քաղաքներում մեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հուսով ենք, որ մինչև տարեվերջ արշավը որոշակի արդյունքներ կտա»,-ասել է նա:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Ցինկերը, Իսրայելի բնակչությունը մեծամասամբ սատարում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ընթերցեք ավելին. Ալեքսանդր Ցինկեր.Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն այսօր իրական հեռանկարներ ունի