Գերմանիայի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը դարձյալ «կոտորած և տեղահանություն» է կոչել և նշել, որ գնահատականներ պետք է տան մասնագետներն ու պատմաբանները, գրում է «Ակօս»-ը։
Կառավարության խոսնակ Քրիստիան Վիրցը, Բեռլինում պատասխանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին, ասել է. «Գերմանիայի կառավարությունն այդ հարցին չի խառնվում։ Այդ հարցը պետք է քննեն մասնագետներն ու պատմաբանները։ Շահագրգիռ պետությունների կողմից արդեն իսկ ուսումնասիրվում է», հայտնում է Tert.am-ը: ։
Վիրցը նաև խուսափել է մեկնաբանել Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը։
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:
Միջազգային գրեթե բոլոր առաջատար գործակալություններն ու այլ լրատվամիջոցները Breaking news ձևաչափում տարածել են այս փաստը, որոշները, օրինակ՝ AP-ն, հավելել են նաև, որ սա Թուրքիային հաստատ կբարկացնի: Բավականին ամբողջական անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ DW-ի տեղեկություններով` ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-ամյակի հիշատակման պաշտոնական արարողություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանող գերմանական պատվիրակությունը առաջնորդելու են Գերմանիայի` Եվրոպայի հարցերով փոխարտգործնախարար Միխաել Ռոթը և կառավարության մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար Քրիսթոֆ Շթղեսաղը:
Ավելի վաղ պաբերականը գրել էր, որ ապրիլի 24-ին ընդառաջ Գերմանիայի դաշնային խորհրդարանում «ցեղասպանություն» եզրն օգտագործելու շուրջ վեճերն ակտիվացել են՝ ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը դրական չեն ընդունում:
Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, որ 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի սպանությունների մասին խոսելիս «ցեղասպանություն» ձևակերպումը չի օգտագործելու։ Կառավարությունը Ձախերի կուսակցության ներկայացրած հարցապնդմանն ի պատասխան նշել էր, որ «պատմական իրադարձությունները» պետք է քննեն պատմաբանները` ջարդերի ու տեղահանությունների բացահայտումը նախ Թուրքիայի և Հայաստանի հարցն է: «Գերմանական կառավարությունը թուրքական ու հայկական կողմերի հարաբերությունները կարգավորելուն ուղղված համարձակ քայլերին հարգանքով է մոտենում: Երկու կողմի մերձեցումն ու պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համարձակություն ցուցաբերելը կարևոր է»,- նշված էր գրավոր հայտարարության տեքստում:
Հայտնի դարձավ նաև, որ Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ տեղի կունենան:
Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարն առաջին անգամ շրջանառվել է 1985 թվականին: Թուրքիայի կառավարության դրամաշնորհներից օգտվող 69 գիտնական The News York Times-ի և The Washington Post-ի էջերից դիմեց ԱՄՆ կոնգրեսին՝ կոչ անելով չքվեարկել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին, քանի որ «դեռ շատ փաստեր պետք է ուսումնասիրվեն մինչև որ պատմաբանները կարողանան հստակ առանձնացնել պատասխանատուներին և անմեղներին, մատնանշեն իրադարձությունների պատճառները»:
Տարիների ընթացքում այս առաջարկը հստակեցվեց՝ ունենալով միայն մի նպատակ՝ տասնամյակներով ապացուցել հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտությունը և հարցը բաց պահել: Թուրքիայում կառավարություններ էին փոխվում, բայց այս քաղաքականությունը նաև Էրդողանի և Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է շարունակում: Պաշտոնական Անկարան մշտապես խոսում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը, ինչպես նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: