20 ապրիլի 2015 - 15:55 AMT
Պեսկով. Ցեղասպանության տարելիցի միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բանի վնասող

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով, չի կարող անդրադառնալ «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման և Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունենք Թուրքիայի Հանրապետության հետ, որոնք հիմնված են ամուր փոխշահավետ տնտեսական գործակցության վրա: Մեր դիրքորոշումը համընկնում է համաշխարհային շատ խնդիրների հարցում»,-ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե չի անդրադառնա արդյոք Պուտինի այցը Երևան գազամուղի կառուցման և Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա:

Մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը «կապված են անհամար թելերով»:

«Այդ միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բանի վնասող»,-հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ Կրեմլը հաստատեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Այդ մասին ապրիլի 20-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Այցի շրջանակում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի, ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ակտուալ խնդիրներ»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Թուրքիան ապրիլի 24-ին տոնակատարություն է կազմակերպում` նվիրված Գալիպոլիի (Չանաքքալե) ճակատամարտում տարած հաղթանակին: Պեսկովը հայտարարեց, որ «Ռուսաստանը բարձր մակարդակով ներկայացված կլինի թուրք գործընկերների կողմից Չանաքքալեում կազմակերպվող հիշատակի միջոցառումներին»,-ասել է Պեսկովը: Ռուսաստանը Թուրքիայում կներկայացնի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: