ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս Մակդոնոուն և ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել են, որ Բարաք Օբաման որոշել է չճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում, գրում է Asbarez-ը:
«Այն, որ Օբաման տեղի տվեց Թուրքիային ազգային խայտառակություն է, ճշմարտության դավաճանություն, վստահության դավաճանություն»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:
«Այն օրերին, երբ ողջ աշխարհի ուշադրությունը գամված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նախագահ Օբաման օգտագործում է մեր երկրի հեղինակությունը ոչ թե ճշմարտությունը պաշտպանելու, այլ ի սպաս դնելու բերանները փակելու օտարերկրյա քաղաքականությանը: Ըստ էության, նա ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում վստահել է Թուրքիայի նախագահ Էրդողանին»,-ասել է Խաչիկյանը:
«Որպես ամերիկահայեր, չնայած նախագահ Օբամայի անդադար կապիտուլացիաներին օտարերկրյա ճնշման առջև, մենք, մեր դաշնակիցների հետ միասին, կրկնակի եռանդով կաշխատենք` ամրապնդելու համար ամերիկյան աջակցությունը Հայոց ցեղասպանության հարցի արդար կարգավորմանը»,-հավելել է նա:
Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:
Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:
Հետևելով Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի պատմական հայտարարությանը և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին՝ ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քրքը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդները օրերս օրինագիծ են ներկայացրել, որի նպատակն է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները՝ հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության «ամբողջական ճանաչման» վրա, գրում է asbarez.com-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Ներկայացված օրինագիծը գրեթե նույնն է, ինչ 2014 թվականի ապրիլին ներկայացվածը, միայն ավելացված է Հռոմի պապի հայտարարության մասին հատվածը: