Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը հատուկ չվերթով ժամանել է Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը:
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսը Հայաստան է բերել Ցեղասպանության զոհերի մասունքներ, որոնք պահվում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Սրբոց Նահատակաց մատուռում
Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում են եպիսկոպոսներ և այլ բարձրաստիճան հոգևորականներ, հայտնում է «Նովոստի Արմենիան»:
Սրբադասման արարողակարգը սկսվելու է ապրիլի 23-ին ժամը 17:00-ին ու ավարտվելու է խորհրդանշական 19:15-ին:
Վերջին անգամ Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է Սբ Մովսես Տաթևացուն 17-րդ դարում: 400 տարի անց, սրբադասման արարողակարգը, որը կորսված էր համարվում, կվերականգնվի ապրիլի 23-ին:
Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքերից դուրս են բերվելու 14 սրբություններ. 1. Սուրբ Գեղարդ 2. Ս. Գրիգոր Լուսավորչի Աջ 3. Կենաց Փայտով խաչ-մասունքարան 4. Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակ 5. Աջ Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունքով 6. Աջ Ս. Հռիփսիմե կույսի մասունքով 7. Աջ Ս. Անանիա առաքյալի մասունքով 8. Աջ Ս. Սահակ Պարթև Հայրապետի մասունքով 9. Աջ Ս. Սարգիս Զորավարի մասունքով 10. Աջ Ս. Գևորգ Զորավարի մասունքով 11. Խաչ-մասունքարան Ս. Թադեոս և Ս. Սանդուխտ կույսի մասունքներով 12. Խաչ-մասունքարան Ս. Հովհաննես Մկրտչի մասունքով 13. Մասունքարան Ս. Գրիգոր Նարեկացու և այլ սրբոց մասունքներով 14. Զեյթունի Ավետարան:
Սրբադասման արարողակարգը սկսվել է դեռևս նախօրեին` ապրիլի 22-ին` Հսկման արարողությամբ: Հսկման արարողության ժամանակ սրբագործվեցին այն մասունքարանները, որոնց մեջ տեղադրվելու են սրբոց նահատակաց մասունքներն ու արդեն ապրիլի 23-ին՝ սուրբ նահատակների սրբադասման արարողության ժամանակ, ներկայացվելու են ժողովրդի երկրպագությանը: Մասունքների մի մասը գտնվում էր Մայր Աթոռում. Հայոց ցեղասպանության աղոթքի և ուխտի խաչքարի տակ պահվել են Դեր Զորից բերված մասունքներ, որոնք նույնպես կտեղադրվեն նոր մասունքարաններում:
Սրբադասման արարողակարգին կմասնակցեն տարբեր եկեղեցիների շուրջ 80 ներկայացուցիչներ: Սրբադասման հռչակումից հետո Մայր Աթոռում և ամբողջ աշխարհի հայկական, նաև ոչ հայկական եկեղեցիներում 100 անգամ հնչելու են զանգերը, որին հաջորդելու է լռության րոպեն: