29 ապրիլի 2015 - 13:36 AMT
«Գազպրոմ Արմենիա». Գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար չի փոխվի

Գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ, ասել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը։

«Մեկ անգամ չէ, որ մենք խոսել ենք փոխարժեքի տատանման հետ կապված ընկերության կրած վնասներից. ինչպես գիտեք, գործող սակագնի հիմքում ընկած է 416 դրամ՝ դոլարի հարաբերակցությամբ, իսկ ներկայիս Կենտրոնական բանկի հրապարակած կուրսն արդեն նկատելիորեն տարբերվում է սակագնայինից։ Մեր դիտարկումներով՝ սահմանին գազի գնի նվազումը մեծ հնարավորություն կտա գնահատել ֆինանսատնտեսական վիճակը և չդիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագինը վերանայելու համար: Դա նշանակում է, որ սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ», - ասել է Սարդարյանը, գրում է «Ազատություն»-ը:

Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման շուրջ. Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Այսօր Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը 189 դոլար է` 1000 խորանարդ մետրի դիմաց: