30 ապրիլի 2015 - 14:20 AMT
Հան. Անկարայի բուռն արձագանքը Ցեղասպանության ճանաչմանը բարդացնում է ԵՄ-ին միանալու հավակնությունները

Թուրքիայի բուռն արձագանքը եվրոպական երկրների նկատմամբ, որոնք 1915 թվականի Օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածն անվանում են ցեղասպանություն, կբարդացնի Անկարայի` Եվրոպական միությանը միանալու հավակնությունները, հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Անկարայի չափից դուրս կոպիտ արձագանքը կդիտարկվի հունիսին կայանալիք ընտրությունների համատեքստում: Դա կարող է բավականին տարածված լինել երկրի ներսում և բնակչության որոշ շրջանակներում: Սակայն այն, ինչ ինձ անհանգստացնում է, երկարաժամկետ հետևանքներն են»,-ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Հանը` ավելացնելով, որ հակաեվրոպական և հակաարևմտյան դիրքորոշման սերմերը ծլում են, ինչն ապագայում ԵՄ-ին ադամակցությունը դարձնում է շատ դժվար, հայտնում է Panorama.am-ը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:

Արձագանքելով ԵՄ առաջարկին Ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց Ավստրիայի խորհրդարանը, իսկ Գերմանիայի նախագահն առաջին անգամ Բեռլինում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը և 1915 թ հայկական ջարդերը կոչեց Ցեղասպանություն:

Թուրքիայի արձագանքը շատ բուռն եղավ` Անկարան «զառանցանք» անվանեց Հռոմի պապի խոսքերը, հետ կանչեց դեսպաններին Վատիկանից և Վիեննայից: Իսկ ավելի ուշ հանդիմանեց ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին, որոնք ներկա գտնվեցին Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին: