13 սեպտեմբերի 2006 - 15:46 AMT
Հայաստանի տարին Ֆրանսիայում երկու երկրների բացառիկ հարաբերությունների ակնհայտ վկայությունն է
Սեպտեմբերի 12-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Ֆրանսիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆիլիպ Դուստ-Բլազիի եւ Վարդան Օսկանյանի, մշակույթի նախարարներ Ռենո Դոնդիո դը Վաբրի եւ Հասմիկ Պողոսյանի համատեղ մամուլի ասուլիսը` նվիրված Ֆրանսիայում Հայաստանի տարվան: Մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանի տարին կազմակերպելու համար, մասնավորապես նշեց, որ դա երկու երկրների բացառիկ հարաբերությունների ակնհայտ վկայությունն է: «Տարին ավելին է, քան մշակութային միջոցառումը, այն ներկայացնում է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, քաղաքակրթությունը, ներկան, այսինքն Հայաստանի երիտասարդ Հանրապետությունը, ինչպես նաեւ հայկական սփյուռքը: Կարելի է ասել, որ Հայաստանն առաջին անգամ այսպիսի ծավալուն կերպով Ֆրանսիային եւ Ֆրանսիայի միջոցով աշխարհին ներկայանում է իր հարուստ պատմությամբ, մշակույթով եւ համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրումով»,-նշել է Վարդան Օսկանյանը: Նա կարծիք է հայտնել, որ սա լուրջ եւ կարեւոր աջակցություն է Հայաստանի ջանքերին ժողովրդավարական, կայուն եւ զարգացած պետություն կառուցելու գործում:

Առանձին հանդիպման շրջանակներում Վարդան Օսկանյանն ու Ֆիլիպ Դուստ-Բլազին քննարկեցին երկկողմ համագործակցության հարցեր, անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, Միջին Արեւելքում ստեղծված իրավիճակին, հարեւանների հետ Հայաստանի հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին: