13 սեպտեմբերի 2006 - 18:40 AMT
Խաթամին Արեւմուտքի կողմից միշտ ընդունվել է որպես լիբերալ
Խաթամին Արեւմուտքի կողմից միշտ ընդունվել է որպես իրանական հասարակության լիբերալ թեւի առաջնորդ, եւ առաջին հերթին` ուսանողության: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է հայ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` մեկնաբանելով Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիին ամերիկյան վիզա տալու փաստը: Նրա խոսքերով, երբ Խաթամին Իրանի նախագահ էր, հատկապես նրա առաջին նախագահության ժամանակ, ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում նկատելի ձնհալ էր: «Վաշինգթոնում անկասկած հիշում են նաեւ այն ժամանակ ծագած հակասությունները Խաթամիի եւ այաթոլա Խամենեի միջեւ: Եւ չնայած վերջերս Խաթամին ելույթ ունեցավ ԱՄՆ-ի հասցեին ուղղված մի քանի կտրուկ հայտարարություններով, Վաշինգթոնում նրան ընդունում են որպես Իրանի հնարավոր ժողովրդավարական շարժման առաջնորդ: Նրա հասցեին հնչող բարեհաճությունը, ամերիկացի ստրատեգների կարծիքով պետք է նոր խթան հանդիսանա երկրում ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցների համար: Ըստ էության, սա պառակտում մտեցնելու հերթական փորձն է ինչպես իրանական հանրությունում, այնպես էլ երկրի բարձրագույն հոգեւոր շերտերում»,- ասել է քաղաքագետը: