6 մայիսի 2015 - 14:03 AMT
Հայկական ժառանգությունը Թուրքիայում. Գետնին հավասարեցված որբանոց և ախոռի վերածված եկեղեցի

Օրերս հայտնի դարձավ, որ Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգում գտնվող Թուզլա գյուղի «Արմեն» հայկական որբանոցը կանգնած է քանդման վտանգի առջև: «Ակոս»-ի հաղորդմամբ՝ չնայած որբանոցը քանդելուն դեմ ուղղված բոլոր արշավներին՝ շինարարական մեքենաները վաղ առավոտյան գետնին են հավասարեցրել որբանոցի շենքը, գրում է Yerkir.am-ը:

«Թուրքիայի հայկական համայնքի՝ պետության կողմից խլված գույքից ամենավառ խորհրդանշական իմաստն ունեցող այս որբանոցը 1915 թվականից տուն է եղել բազում հայ որբերի, այդ թվում` Հրանտ Դինքի ու Ռաքել Դինքի, պատգամավոր Էրոլ Դորանի և 1500 այլ երեխաների համար»,- գրում է «Ակոս»-ը: Որբանոցի տարածքում նախատեսում են կառուցել շքեղ առանձնատներ:

Որոշմանը դեմ քաղաքացիներն արշավ էին սկսել համացանցում: Նրանք, տեղեկացնելով, որ թույլ չեն տա նման գործողություն, տեղադրում էին #KampArmen հեշթեգը:

2011-ի մարտի 9-ին րագրող, լեզվաբան, գրող ու գործարար Սևան Նիշանյանը դատապարտվեց 3 տարի և 4 ամիս ազատազրկման «ապօրինի շինարարության» համար: Դատարանի վճիռը պայմանավորված էր նրանով, որ լրագրողն անշարժ գույք ուներ, որը Թուրքիայում հայտնի է որպես «Նիշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: Իզմիրի վարչակազմը որոշել է քանդել «Նիշանյանի տները», որոնք բաղկացած են գյուղական կոլորիտով 16 շինություններից որպես ապօրինի կառույցներ: Նիշանյանը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները չեն կարող իրագործել իրենց որոշումը, քանի դեռ ինքը ողջ է: Նիշանյանն իր շինությունները փոխանցել է Ազիզ Նեսինի հիմնադրամին:

2013-ի հուլիսին Մուշի քաղաքապետարանի ավագանին վավերացրեց հայկական տների քանդման մասին նախագիծը, համաձայն որի դրանց տեղում կառուցվելու են նոր բազմաբնակարան շենքեր:

Մինչդեռ Ուրֆա շրջանի Գերմուշ գյուղում գտնվող հայկական եկեղեցու վիճակն այցելուների զայրույթի պատճառն է դարձել, գրում է Tert.am-ը Hye Tert-ի վրա հղումով։

Ախոռի վերածված եկեղեցու վիճակը տեսած քաղաքացիները հայտարարել են, որ այն վնաս է հասցնում Ուրֆայի զբոսաշրջությանը: Շրջկենտրոնից 10 կմ հեռավորությամբ գտնվող եկեղեցու այցելուները նշել են, որ այն չափազանց կեղտոտ է և կենդանիների թրիքի պատճառով մտնել հնարավոր չէ։

Ո՛չ զբոսաշրջության վարչությունը, ո՛չ քաղաքապետարանը եկեղեցին զբոսաշրջիկների այցելության վայր դարձնելու համար ոչ մի քայլ չեն ձեռնարկում։

Սակայն պատմական եկեղեցին, չնայած անխնամ վիճակին, կարծես հակառակվում է և մինչ այժմ կարողացել է կանգուն մնալ։

Պատմական Խարբերդ քաղաքում գտնվող կիսավեր բողոքական հայկական եկեղեցին պատրաստվում են քանդել և տեղում հյուրանող կառուցել: Այն ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում:19-րդ դարավերջին կառուցված եկեղեցին Ցեղասպանությունից հետո առանց տերերի մնացած այլ եկեղեցիների նման երկար ժամանակ օգտագործվել է տարբեր նպատակներով: Հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում օգտագործվել է որպես ալյուրի ֆաբրիկա, այնուհետև մատնվել անտերության: Մի որոշ ժամանակ այստեղ է կազմակերպվել շաբաթական տոնավաճառը, այնուհետև օգտագործվել է որպես ոչխարների գոմ: