Շվեդիայի արտգործնախարար Մարգրետ Վոլստրոմը հայտարարել է, որ Շվեդիայում Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնասիրություններ կատարելու նպատակով կստեղծվի հատուկ անկախ հանձնաժողով: Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հիման վրա էլ Շվեդիան համապատասխան քայլեր կձեռնարկի:
Շվեդական պաշտոնական լրատվական գործակալություն համարվող TT –ին հղում կատարող թուրքական Haberler.com լրատվակամ կայքը տեղեկացնում է, որ Շվեդիայի արտգործնախարարը ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկման ժամանակ: Նշվում է, որ ելույթի ժամանակ Վոլստրոմն օգտագործել է «ողբերգություն» բառը՝ հատկապես խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից:
«Ըստ տեղեկության՝ Վոլստրոմը հայտարարել է, որ ստեղծվելու է պատմաբաններից, մասնագետներից և քաղաքագետներից բաղկացած անկախ հանձնաժողով, որը ուսումնասիրելու է 1915 թ դեպքերը և արդյունքները գնահատելու է միջազգային իրավունքի տեսակետից: Վոլստրոմը նշել է, որ իրենք կարևորում են այս հարցը և հնարավորինս կարճ ժամանակում կավարտեն ուսումնասիրությունները»,- թուրքական կայքին հղումով գրում է Ermenihaber-ը:
Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Էրիկ Բոմանը հայտնել է, որ Շվեդիայի կառավարությունը մի կողմ է դրել 2010-ին Հայոց ցեղասպանության և Սիրիացիների վերաբերյալ խորհրդարանի ընդունած որոշումը և առաջնորդվելու է իր սեփական անկախ հանձնաժողովի ուսումնասիրման արդյունքներով:
2010 թվականի մարտի 11-ին, Շվեդիայի խորհրդարանը ընդունել է որոշում, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն: