12 մայիսի 2015 - 11:51 AMT
Չեխիայի նախագահ.ՌԴ-ն կարող է 20 տարուց անդամակցել ԵՄ-ին

Ռուսաստանը 20 տարուց կարող է դառնալ Եվրամիության անդամ: Նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:

«Կարող է, օրինակ, Ռուսաստանը դառնալ Եվրամիության անդամ: Չէ որ մեր տնտեսությունները համալրում են իրար: Ռուսաստանը ժամանակակից տեխնոլոգիաների կարիք ունի, Եվրամիությունը` էներգետիկ ռեսուրսների»,-ասել է Զեմանը: Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանում կա ժողովրդավարություն, քանի որ ազատ ընտրություններ են անցկացվում, ինչպես նաև ապակենտրոնացում և ինքնակառավարում կա շրջաններում:

Չեխիայի նախագահը կրկին հանդես եկավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու օգտին` նշելով, որ դրան կնպաստի իրավիճակի կայունացումն Ուկրաինայում: Ըստ Զեմանի, ամբողջությամբ սահմանափակումները կարող են հանվել մինչև տարեվերջ:

Անդրադառնալով Ուկրաինային` Զեմանը համոզվածություն է հայտնել, որ երկիրը պետք է չեզոքություն պահպանի: ՆԱՏՕ-ի մի շարք առանցքային անդամներ, ներառյալ Գերմանիան ու Ֆրանսիան, չեն ցանկանում, որ Ուկրաինան անդամակցի դաշինքին, ասել է Չեխիայի նախագահը:

Զեմանը հնարավոր է համարել Ռուսաստանի մասնակցությունը Դոնբասի հակամարտությանը: «Ես դա կհամեմատեի 1930-ականների Իսպանիայի քաղաքացիական պատերազմի հետ: Այնտեղ մի կողմից կռվում էին, մի կողմին սատարում էին Գերմանիան ու Իտալիան, մյուս կողմից` ԽՍՀՄ-ն ու մասնակիորեն Ֆրանսիան: Դա իսպանացիների պատերազմն էր իսպանացիների դեմ, թեև երկու կողմից էլ կար օտարերկրացիների աջակցությունը: Այս դեպքում ես լիովին վստահ եմ, որ Ռուսաստանը տարբեր ձևերով սատարում է Ուկրաինայի արևելքում կռվողներին, սակայն ոչ կանոնավոր բանակի միջամտությամբ»,-պարզաբանել է նա:

Մայիսի սկզբին Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն հավանություն է տվեց բանաձևի նախագծին, որով նախատեսվում է խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե Մոսկվան չկատարի Մինսկի համաձայնությունները: Փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հունիսին, ասվում է Եվրախորհրդարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Եթե Ռուսաստանը շարունակի ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայի արևելքում և չհրաժարվի Ղրիմի ապօրինի բռնակցումից, Եվրամիությունը պետք է սաստկացնի պատժամիջոցներն ու քննարկի Ուկրաինային պաշտպանական սպառազինության և այլ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը»,-ասվում է Եվրախորհրդարանի կոմիտեի հայտարարության մեջ:

Կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ԵՄ և Ռուսատանի հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում պետք է ուղղվեն «գործակցության», ոչ թե առճակատման: Պատգամավորները նշել են, որ այդ ուղղությամբ հնարավոր կլինի շարժվել միայն այն դեպքում, երբ Մոսկվանին «ամբողջովին ու անվերապահորեն» կիրականացնի հրադադարի մասին համաձայնագիրն ու կվերադարձնի Ղրիմն Ուկրաինային: Փաստաթղթի տեքստում ասվում է, որ ՆԱՏՕ-ն պետք է գործընկերներին «հզոր ռազմավարական վստահություն» հաղորդի, հայտնում է ՌԲԿ-ն: Եվրախորհրդարանում հայտարարվեց Ղրիմի բռնակցումը ՌԴ-ին «կտրականապես մերժելու մասին»: Կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել մասնավորապես Ղրիմի թաթարների վերաբերյալ: Պատգամավորները հորդորել են Մոսկվային դադարեցնել նրանց գործադիր մարմնի` մեջլիսի, հետապնդումները:

Կոմիտեում կարծում են, որ Ղրիմի բռնակցումը որոշակի դժվարություններ է ստեղծել եվրոպական անվտանգության համար: «Ղրիմում ռազմավարական ռազմական մշակումների, այդ թվում ծանր տեխնիկայի ու սպառազինության տեղակայմամբ Ռուսաստանը ևս մեկ մեկնարկային հարթակ է ստեղծում Կալինինգրադի օրինակով, այս անգամ արդեն Սև ծովում: Մեկ տարվա ընթացքում պաշտպանական ուժերը վերածվեցին հարձակողական խմբի ԶՈՒ երեք տեսակներից բաղկացած, որի շնորհիվ Ռուսաստանը կարող է սպառնալ Կենտրոնական Եվրոպային, Բալկաններին, Հարավային Եվրոպային, ինչպես նաև Արևելյան միջերկրածովային տարածքին, նաև Մերձավոր Արևելքին»,-ասվում է կոմիտեի զեկուցող Իոանն Միրչա Պասկուի զեկույցում:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետի երկարացումը կքննարկվի ԵՄ հունիսյան գագաթնաժողովում: Այս հարցի վերևաբերյալ որոշում կայացնելու համար պահանջվում է Եվրամիության բոլոր 28 անդամների համաձայնությունը: Պատժամիջոցների ժամկետը երկարացնելու հիմնական կողմնակիցներն են Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, մերձբալթյան պետություննեևրը: Դեմ կարող են հանդես գալ Սլովակիան, Հունգարիան, Ավստրիան, Իսպանիան, Կիպրոսը, Իտալիան և Հունաստանը:

Ավելի վաղ արևմտյան քաղաքական գործիչները, մասնավորապես ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի ԱԳ նախաևրար Լորան Ֆաբիուսը և մյուսները բազմիցս են հայտարարել, որ պատժամիջոցների երկարացման հարցը կապված է ՌԴ կողմից Մինսկի համաձայնությունների կատարման հետ:

Մոսկվայում բազմիցս են ժխտել Մինսկի պայմանավորվածությունների խախտումը: ՌԴ իշխանությունները հերքել են Դոնբասում կամավորականներին աջակցելու փաստերը, այդ թվում սպառազինության առաքումն ու զինծառայողների մասնակցությունը: Մոսկվան նաև հայտարարում է, որ 2014-ի հանրաքվեն օրինական էր, որի արդյունքում էլ Ղրիմն ու Սևաստոպոլը միացան Ռուսաստանին: