12 մայիսի 2015 - 13:21 AMT
Միջազգային մամուլը Մոսկվայի զորահանդեսի մասին. ՌԴ-ն պատրաստ է ցանկացած վտանգի

Մեծ հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսությունները լայն արձագանք ստացան միջազգային մամուլում: Մայիսի 9-ին Մոսկվայում կայացած զորահանդեսը հիմնական թեմաներից մեկն էր այդ օրերին և լուսաբանվեց աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Միջազգային մամուլը գրում է, որ Ռուսաստանում կայացած զորահանդեսը ցույց տվեց, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած վտանգի, գրում է Nia-rf.ru-ն:

Սերբական «Պոլիտիկա» թերթը գրել է, որ «ռուսական բանակը մրցակիցներ չունի Եվրոպայում` սա է գլխավոր ռազմական ուղերձը Կարմիր հրապարակից»:

Գերմանական DPA-ն հայտարարել է, որ ռազմական շքերթը ցույց տվեց, որ Ռուսաստանը պատրաստ է դիմակայել ցանկացած վտանգի. «Զինվորներ, տանկեր, մարտական ինքնաթիռներ` ատոմային գերտերությունն իր հզորությունն է ցուցադրում աշխարհին: Շքերթին ներկայացված միջմայրցամաքային հրթիռները վկայում են, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած սպառնալիքի»:

Բացի այդ, ԶԼՄ-ներից շատերը ուշադրություն են դարձրել Մոսկվայի և Պեկինի ակնհայտ մերձեցմանը: Զորահանդեսի, իսկ ավելի ուշ համերգի ժամանակ երկու տերությունների առաջնորդները կողք կողքի էին և պարբերաբար աշխույժ զրուցում էին:

DPA-ն գրում է, որ «Հաղթանակի օրվա հանդիսությունները ցույց տվեցին, որ անդունդն Արևմուտքի և Ռուսաստանի միջև շատ խորն է»: Մինչդեռ տրիբունայում Պուտինի կողքին Չինաստանի նախագահ Սի Ձինպինի ներկայությունը վկայում է, որ «Ռուսաստանը միայնակ չէ դուրս գալիս ԱՄՆ իշխող դիրքի դեմ…ՌԴ և Չինաստանի մերձեցումը վկայում է, որ աշխարհակարգը փոխվում է»,-մեջբերում է DPA-ն քաղաքագետ Դմիտրի Տրենինի կարծիքը:

Ինչպես հայտնի է, զորահանդեսին ներկա են եղել շուրջ 30 պետությունների ղեկավարներ, տրիբունայում էին նաև Հայաստանի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Վենեսուելայի, Ղազախստանի և այլ երկրների նախագահները: Միևնույն ժամանակ բրիտանական պարբերականները խոստովանել են, որ ռուսաստանցիներին չի մտահոգել արևմտյան երկրների ղեկավարների բացակայությունը շքերթին:

Մոսկվայի զորահանդեսին մասնակցել է 16.000-ից ավելի զինծառայող, 194 միավոր ռազմական տեխնիկա, 143 մարտական ուղղաթիռ ու ինքնաթիռ: Զորահանդեսը բաղկացած էր 4 մասից. պատմական հաշվարկների, հետևակային շարասյունների, մեխանիզացված հաշվարկների ու ավիացիայի անցում: :

Զորահանդեսին մասնակցել է նաև Հայաստանի զինված ուժերի զորախումբը: