12 մայիսի 2015 - 14:05 AMT
ՌԴ ռազմաբազայի զինծառայողները սովորում են խլացնել հակառակորդի բջջային ու արբանյակային կապի ազդանշանները

Ռադիոէլեկտրոնային պայքարի ռուս մասնագետները Հայաստանի լեռներում ընթացող վարժանքների ժամանակ կվարժվեն պայմանական հակառակորդի ռադիոհաճախականության ճնշման գործում, ասվում է Հարավային զինվորական շրջանի մամուլի հաղորդագրության մեջ:

«Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում մեկնարկել է ուսումնամեթոդական հավաքը ռադիոէլեկտրոնային պայքարի նոր ժամանած մասնագետների մասնակցությամբ: Նորակոչիկները կվարժվեն պայմանական հակառակորդի ռադիոհաճախականության ճնշման գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նրանք 3 օր շարունակ կմասնակցեն ռուսական ռազմակայանում ստացվող ժամանակակից սպառազինության ու ռազմական տեխնիկայի ոսումնասիրման հատուկ դասընթացին` ծանոթանալով տեխնիկայի հնարավորություններին և շահագործման կարգին բարձր լեռնային պայմաններում և շոգ կլիմայում` ծովի մակերևույթից ավելի քան 2 000 մ բարձրության վրա:

Զինծառայողները կմշակեն ռադիոխափանման կայանների տեղակայման հարցեր, հավաք կանցկացնեն և կվերլուծեն ստացած տեղեկատվությունը, որից հետո կտեղակայեն պայմանական հակառակորդի կապի համակարգերի ռադիոխափանման կայաններ:

«Հավաքի ժամանակ զինծառայողները 30 կմ շառավիղով պետք է հայտնաբերեն, տեղորոշեն և խլացնեն բջջային և արբանյակային կապի շուրջ 2000 ազդանշաններ` ռադիոխափանման ավտոմատուցված կայանների կիրառմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2010 թ. օգոստոսին ՌԴ-ն և Հայաստանը ստորագրեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին Արձանագրությունը: Ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը կնքված էր 25 տարով և երկարացվեց ևս 49 տարով` մինչև 2044 թ.:

Ամրագրվեց նաև, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»: