24 երկրից 45 մասնագետ է մասնակցում Երևանում ընթացող հոգեբուժության խնդիրներին նվիրված երկօրյա գիտաժողովին: «Այս գիտաժողովը մեզ հնարավորություն կտա ծանոթանալու աշխարհի տարբեր երկրներում հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրներին և դրանց լուծումներին, այդ թվում՝ խնամքի կազմակերպման գործընթացին»,- գիտաժողովին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը՝ նշելով, թե գիտաժողովի ընթացքում նախատեսված են նաև համաշխարհային առաջատար հոգեբույժների հանդիպումը հայ երիտասարդ հոգեբույժների հետ, հայտնում է Tert.am-ը:
«Սանոֆի» դեղագործական ընկերության մատչելի բժշկության միջազգային ծրագրի փոխնախագահ Ռոբերտ Սեբբակը նշեց, որ Հայաստանում իրականացվելիք ծրագիրը շատ լավ օրինակ է իրենց համար, և որոշել են աշխարհի բոլոր պատկան մարմիններին հրավիրել Հայաստան՝ այս գիտաժողովն անցկացնելու:
«24 երկրների մասնագետներ են մասնակցում և շատ կարևոր է, որ նրանք իրենց փորձով կիսվեն իրար հետ, տեղեկացնեն, թե ինչ առաջատար տեխնոլոգիաներ ու միջոցներ կան հոգեկան առողջությունը բարելավվելու գործում: Սա փայլուն օրինակ է ծառայելու նաև համագործակցության առումով»,- ասաց Ռոբերտ Սեբբակը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ իրենք հիշատակի տուրք ենք մատուցել 1915 թվականի զոհերի հիշատակին:
«Աշխարհի չորս ծայրերից այստեղ մարդկանց բերելը հենց նաև համերաշխություն է իր մեջ ներառում»,- նշեց Սեբբակը: Հարցին, թե այս գիտաժողովը ինչ կտա ոլորտի խնդիրների բարելավման համար, ՀՀ գլխավոր հոգեբույժը պատասխանեց. «Փորձի փոխանակում կլինի, արդեն իսկ տեղաշարժ կա, և մինչև տարվա վերջ կունենանք երկու համայնքային խնամքի տներ, դա որոշ չափով կբեռնաթափի հոգեբուժական ստացիոնար հիվանդանոցը: Մոտակա տարիներին պետք է կարողանանք հոգեկան հիվանդներին մոտեցնել հանրությանը, ինտեգրելու նրանց, դրա համար պետք է հանրությունն ընդունի իր զավակներին, չտարանջատելով և ոչ մեկին»: