12 մայիսի 2015 - 21:14 AMT
ՊԲ հրամանատարը՝ հրադադարից 21 տարի անց. Բանակը զինում ենք ոչ թե պատերազմելու, այլ խաղաղությունը պաշտպանելու համար

1994-ի մայիսի 12-ին կնքված հրադադարի համաձայնագիրը թեև պարտադրված էր Ադրբեջանին, դրան սպասում էին բոլորը: Ճիշտ 21 տարի անց հակառակորդը հերթական անգամ սխալվում է՝ փորձելով վերսկսել պատերազմը, ինչն անկասկած նորից բերելու է հրադադարի, որը վստահաբար դարձյալ պարտադրված կլինի Ադրբեջանին և ավելի ցավոտ պայմաններով, ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կարծում եմ, որ պատերազմից հետո հրադադարի համաձայնագիրը լավագույն լուրն էր Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար: Սկզբնական շրջանում այն բավական լավ պահպանվում էր և, որպես այդպիսին, միտումնավոր խախատումներ չէին լինում: Սակայն վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը միտումնավոր խախտվում է և որոշակի նպատակներ է հետապնդում», - ասաց Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ Արցախի բանակը չի ուզում պատերազմ սկսել՝ այդ մասին նշելով քաղաքական իշխանության բոլոր հայտարարություններում և պատրաստակամություն հայտնելով մասնակցել բանակցային գործընթացին: ՊԲ հրամանատարն ընդգծեց՝ Արցախը պատրաստ է փոխզիջումային տարբերակին, ինչը չի ընկալում հակառակորդը. Ադրբեջանում միայն զիջում են ակնկալում, իսկ նման կերպ խնդիրները չեն կարգավորվում:

«Երբ Ադրբեջանը կհասկանա, որ կարելի է գնալ փոխզիջման և փոխզիջում ասվածը ճիշտ ընկալի, կարծում եմ՝ այս տարածաշրջանում կհաստատվի վերջնական խաղաղություն, ինչի համար բոլոր նախադրյալները կան», - ասաց Մովսես Հակոբյանը:

Նա կարևորեց, որ Պաշտպանության բանակում, տիրապետելով հետախուզական տվյալների, սպառնալիքներից առաջ էլ քաջատեղյակ են Ադրբեջանի ռազմական պոտենցյալին և ամբողջությամբ տիրապետում են տեղեկությանը, թե ինչ, որքան, որտեղ, որ ժամին և ումից են գնել: Հրամանատարը միայն հավելեց, որ դրան համապատասխան ՊԲ ստորաբաժանումները զինված են և պատրաստ հակառակորդի հավանական գործողություններին:

«Մենք մեր բանակը զինում ենք ոչ թե պատերազմ սկսելու, այլ խաղաղությունը պաշտպանելու համար: Մենք այդպես ենք ուզում ապրել, մենք որևէ մեկին ցավ ու դժբախտություն չենք ցանկանում պատճառել, բայց չենք հանդուրժի նաև, որ որևէ մեկը մեր դժբախտությունների վրա երջանկություն կառուցի: Դա բացառված է: Ցեղասպանության 100-րդ տարելիցն է. այն մեր ամենամեծ դասն է: Այլևս հայ ժողովուրդը ցեղասպանություն չի ապրելու և այևս իր հայրենիքը չի լքելու. սա բոլորը պետք է հասկանան՝ և մեր հակառակորդներ, և մեր բարեկամները», - ասաց ՊԲ հրամանատարը՝ հավելելով՝ երբ կհասկանան, բանակցելը ևս հեշտ կլինի և մենք, որպես հարևան ժողովուրդ, կկարողանանք կողք կողքի ապրել:

1994թ. մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ և ԱԳՆ նախաձեռնությամբ կայացավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշկեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում է դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը:

Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին: Փաստաթղթում նշված է. «Արձագանքելով Բիշքեկում 1994թ. մայիսի 5-ին կնքված արձանագրության մեջ շարադրված կրակը դադարեցնելու մասին կոչին և հիմք ընդունելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրությունը, հակամարտող կողմերը պայմանավորվել են հետևյալի մասին՝

1. Ապահովել հրադադար և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Կրակը դադարեցնելու մասին համապատասխան հրամանները կտրվեն ու կհասցվեն զինված կազմավորումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց կատարման համար, ոչ ուշ, քան 1994թ. մայիսի 11-ին: Մայիսի 12-ին մինչև 23.00-ն կողմերը կփոխանակեն կրակը դադարեցնելու մասին հրամանների տեքստերը հետագայում այն լրացնելու և նմանատաիպ փաստաղթերի հիմնական դրույթները ունիֆիկացիայի ենթարկելու նպատակով:

2. Խնդրել ՌԴ պաշտպանության նախարարին մայիսի 12-ից ոչ ուշ հրատապ խորհրդակցություն հրավիրել Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու ԼՂՀ ՊԲ հրամանատարի միջև՝ նպատակ ունենալով համաձայնեցնել զորքերի տարանջատման սահմանները, ռազմատեխնիկական այլ հրատապ հարցերն ու նախապատրաստելով միջազգային դիտորդների առաջատար խմբի ծավալումը:

3. Այս պայմանավորվածությունը կօգտագործվի բանակցություններն 10 օրվա ընթացքում ավարտելու և մայիսի 22-ից ոչ ուշ Ռազմական հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման համար:

4. Սույն պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այն բանից անմիջապես հետո, երբ Միջնորդը կիրազեկի, որ հակամարտող կողմերից ստացել է լիովին համարժեք փաստաթղթեր՝ ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից: