18 մայիսի 2015 - 10:52 AMT
New Eastern Europe. ԵՄ-ն և Հայաստանը կարող են հայտարարել նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին

Լատվիայի արտգործնախարարության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հարցերով դեսպան Յուրիս Պոյկանսը New Eastern Europe հանդեսի հետ զրույցում անդրադարձել է ընթացիկ տարվա մայիսի 21-ին և 22-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին, որն անցկացվելու է 2013թ. ի վեր առաջին անգամ, հայտնում է Tert.am-ը:

Պաշտոնյան իր խոսքում նշել է, որ «իրենք կուզենային ավելի շատ պաշտոնական կապեր ունենալ մասնավորապես Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ»:

«Եվրոպական միության դաշնակիցների հետ մենք փորձում ենք այս պետություններից ամեն մեկի նկատմամբ անհատական մոտեցում մշակել: Եկեք քննարկենք օրինակ Հայաստանի դեպքը: Ռիգայի գագաթաժողովի շրջանակներում մենք կարող ենք հայտարարել ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցային գործընթացի մեկնարկի մասին: Թեև դա Ասոցացման համաձայնագիր չէ, այնուհանդերձ՝ այն բխում է Հայաստանի շահերից:

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը ցանկանում է ստորագրել ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր, և այժմ մենք սպասում ենք այդ համաձայնագրի ստեղծմանը վերաբերող ադրբեջանական կողմի առաջարկներին»,- ասել է դեսպանը:

Լատվիացի դիվանագետը նաև իր խոսքում հատուկ ընդգծել է, որ «կայանալիք գագաթաժողովն ամենևին էլ ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ» : Ըստ Պոյկանսի՝ «իրենք ցանկանում ենք Ռուսաստանի հարևանների հետ, որոնք, ի դեպ, նաև իրենց հարևաններն են, Եվրոպայի սահմաններից դուրս ստեղծել բարգավաճող և կայուն գոտի»:

Ավելի վաղ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտարարել էր, որ մայիսի 21-22 Ռիգայում սպասվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ-ն շահագրգիռ է զարգացնել երկկողմ հարաբերությունները ՀՀ-ի հետ, և չնայած աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ Արևելյան գործընկերության՝ ԱլԳ-ի ներդրումը մնալու է ԵՄ քաղաքականության հիմքում:

«ԵՄ-ն կոնկրետ գաղափարներ է ներկայացրել յուրաքանչյուր երկրի համար, և նպատակը հետևյալն է՝ առանձնահատուկ հարաբերություներ ունենալ ԵՄ-ի հետ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ չնայած ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն կայացրել է իր որոշումը՝ անդամակցելով ԵՏՄ-ին, սակայն ԵՄ-ն հանձնառու է դրանից հետո շարունակել հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ ԱլԳ-ի շրջանակներում, բոլոր այն ոլորտներում, որոնք համատեղելի են ՀՀ-ի նոր ընտրության հետ:

Ավելի վաղ Եվրոպական քաղաքականության հետազոտության կենտրոնի (Centre for European Policy Studies) ավագ փորձագետ, «ԵՄ արտաքին քաղաքականություն» և «քաղաքականություն ու հաստատություններ» միությունների ղեկավար Սթիվեն Բլոքմանսը հայտարարեց, որ Հայաստանն ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակում է մասնակցել «Արևելյան գործընկերություն» բազմակողմ կառույցների աշխատանքին:

Անդրադառնալով Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին բանախոսը նշեց, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե որքանով կհաջողվի «փրկել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ «արդեն հնացած Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը փոխելու փոխարեն»: Փորձագետի կարծիքով, Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարական և տնտեսական շահերը, անկախ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից, դեռևս մնում են անփոփոխ: Այնուամենայնիվ, ըստ Ս. Բլոքմանսի, տարածաշրջանում և Սև ծովում Կրեմլի վարած քաղաքանությունը կարող է փոփոխել Բյուսելի հնարավոր քայլերը:

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի գծով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, անդրադառնալով ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2014 թվականին» մարտի 25-ին հրապարակված զեկույցին, հայտարարել է, որ զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք խնդիրներ, որ առկա են երկրում: Անդրադառնալով զեկույցում արծարծված հարցերին՝ նա նշել է, որ քննարկումը վերաբերում էր ոչ թե զուտ քաղաքական, կամ տնտեսական հարցերին, այլ շոշափում էր հարցերի ողջ սպեկտրը ԵՄ գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված ոլորտներին: Մասնավորապես, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ:

Հայաստանին վերաբերվող բաժնում ներկայացված են 2014-ին բարեփոխումների իրականացման ջանքերն ու հիմնական զարգացումները, ինչպես նաև առաջարկներ կան հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, ասել է Դիդենկոն՝ նշելով, որ ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Չնայած, որ Հայաստանը չի ստորագրել ԵՄ հետ որևէ փաստաթուղթ Առևտրի ազատ գոտու ստեղծման մասին, կողմերը շարունակել են քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունները քաղաքական և տնտեսական հարթակներում, որոնք չեն խախտում միջազգային պայմանավորվածությունները:

«Մարտի սկզբին հետագա գոծակցության շրջանակների ուրվագծման աշխատանքներն ավարտվեցին: Եվրահանձնաժողովը պետք է մանդատ տրամադրի ԵՄ անդամ երկրներին Հայաստանի հետ բանակցելու համար: Հուսով ենք, որ բանակցությունների արդյունքները կարտացոլվեն Ռիգայի գագաթնաժողովի փաստաթղթում»,-ասել է Դիդենկոն:

2013-ի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: