21 մայիսի 2015 - 17:49 AMT
Մեդվեդևը հաստատել է՝ Վիետնամ-ԵՏՄ Առևտրի ազատ գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի Ղազախստանում

Վիետնամի և ԵՏՄ միջև Առևտրի ազատ գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստում:

«Նախատեսվում է փաստաթղթերը ստորագրել հաջորդ շաբաթ Ղազախստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Սա մեր առաջին նման համաձայնագիրը կլինի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրի հետ` կնվազեցվեն կամ կզրոյացվեն մաքսատուրքերի տոկոսադրույքները ապրանքների զգալի մասի համար»,-ասել է Մեդվեդևը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վիետնամի հետ համաձայնագիրը ստորագրվելու է մայիսի 29-ին: «Մայիսի 29-ին միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է ստորագրել ազատ առևտրի մասին ԵՏՄ առաջին համաձայնագիրը` Վիետնամի հետ: Կցանկանայի նշել, որ բազմակողմ բանակցությունների արդյունքում փոխշահավետ պայմաններ սահմանվեցին ապրանքային շուկա դուրս գալու վերաբերյալ, որոշվեցին փոխգործակցության պարամետրերն առևտրային ծառայությունների մասով»,-հայտարարել էր Նազարբաևը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում:

Ավելի ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Անդրեյ Սլեպնյովը, հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան քննարկել է Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը:

«Իրանը հանդես է եկել նախաձեռնությամբ, փորձագիտական մակարդակում գաղափարն արժանացել է ԵՏՄ բոլոր երկրների հավանությանը: Հուսով ենք, որ շուտով կսկսվեն Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման բանակցությունները»,- ասել է նա:

Սլեպնյովը նշեց նաև, որ Չինաստանը ևս շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է ԵՏՄ անդամ երկրների համար:

Ըստ նրա, «չինական կողմի հետ արդեն քննարկվել է տնտեսական գործակցության հարցը և առաջիկայում բանակցությունները կմեկնարկեն»:

ԵՏՄ արտաքին գործակցության առումով Սլեպնյովը նշեց, որ բանակցություններ են ընթանում առևտրի ազատ գոտիների տսեղծման մասին Եգիպտոսի, Իսրայելի հետ, ինչն, անշուշտ իր դրական ազդեցությունը կունենա ԵՏՄ բոլոր անդամ երկրների, այդ թվում Հայաստանի տնտեսության զարգացման վրա: