Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են նախորդ տարվա դեկտեմբերին շփման գիծն Աղդամի շրջանում հատած ՊԲ զինծառայող Արսեն Բաղդասարյանին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Արսեն Բաղդասարյանն, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին, «դիվերսիան» ետ մղելիս: ԼՂՀ ՊԲ-ն հերքեց դիվերսիայի փորձը, իսկ ինքը Բաղդասարյանը, լինելով պայմանագրային զինծառայող, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Ադրբեջանական կողմը, սակայն, չի հրաժարվում «ձերբակալված դիվերսանտի» վարկածից:
ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ այցելությունը մի քանի օր առաջ է տեղի ունեցել: ԿԽՄԿ աշխատակիցների միջոցով նախկին զինծառայողն ու նրա ընտանիքը տեղեկատվություն են փոխանակել։
Հուսեյնովան հավելել է, որ իր մանդատի համաձայն ԿԽՄԿ-ն այցելությունների միջոցով դիտարկում է Բաղդասարյանի պայմանները, ինչպես նաև կապ է ապահովում ընտանիքի հետ:
Մայիսի սկզբին Արսեն Բաղդասարյանը 15 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Հավանաբար, նա Ստեփանակերտում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների համար Բաքվի «վրեժի» զոհը դարձավ: Ինչպես մայիսի 7-ին լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը, 15 տարվա ազատազրկման դատապարտելով ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին` Ադրբեջանի իշխանությունները փորձում են հակադրել նրան այն ոճրագործներին, որոնք հանցագործություններ են կատարել ԼՂՀ Քարվաճառի շրջանում: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ցույց տալ, իբր հայկական կողմը փորձել է դիվերսիոն գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի տարածքում:
«Նպատակը մեկն է` հակադրել Արսեն Բաղդասարյանին այն հանցագործներին, որոնք իրական հանցագործություններ են կատարել Քարվաճառում, մարդկանց են սպանել և ոչ միայն»,- ասել է նախարարը:
2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։
Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվեց քրեական գործ: