Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դիտարկում է իր արտաքին քաղաքական գերակայությունների շարքում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին:
«ՌԴ-ն նախկինի պես որպես իր արտաքին քաղաքականության առաջնայնություններից է համարում աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև պայմանավորվածության ձեռք բերմանը: Ակտիվորեն շարունակելու ենք նպաստել փոխընդունելի պայմանավորվածությունների որոնմանը»,-ասել է Լավրովը:
Սերգեյ Լավրովը կարծում է, որ հարկավոր է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ըմբռնումը տեղափոխել ձևակերպումների հարթակ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այն, որ հակամարտությունը չափից շատ ձգձգվեց, ոչ ոք չի ժխտում: Կա պայմանավորվածությունների համար իրական բազա: Այս հարցում էլ բոլորը համաձայն են: Այժմ հարկավոր է, որպեսզի այդ ընկալումն արտահայտվի կոնկրետ ձևակերպումների լեզվով»:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ սովորաբար «դա ամենահեշտ գործը չէ», սակայն հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին կարգավորման որոնման գործում: «Երեկ մենք մի քանի ժամ շարունակ քննարկել ենք մոտեցումները ղարաբաղյան հակամարտությանը, հաշվի առնելով այն աշխատանքը, որ կատարվել է վերջին տարիներին, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի կողմից»,-ասել է նախարարը: Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, նա «զգուշավոր, սակայն ամրապնդվող լավատեսությամբ է ընկալում իրավիճակը»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ էր հանդես եկել` կապված Ադրբեջանի ԱԳ նախարարի Մոսկվա առաջիկա այցի հետ: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ, արդեն մոտ երկու տասնամյակ է շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հաշվի առնելով աշխարհագրական հարևանությունը և մեր ժողովրդների ընդհանուր պատմությունը, հակամարտության հանգուցալուծումն ունի մեզ համար առաջնային նշանակություն և դասվում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին: Հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից: Ոչ կողմերը, ոչ միջնորդները չպետք է հույսները դնեն, թե ինչ-որ տեղից կհայտնվեն ղարաբաղյան հակամարտության կայծակնային լուծման «կախարդական դեղատոմսեր»: