Հասարակությունը շարունակում է էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը: Այդպես, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները մայիսի 25-ին բողոքի ակցիա են իրականացրել՝ Կառավարությանը նամակ-պահանջագիր հանձնելով: Դրանից հետո երիտասարդները երթով շարժվել են դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որտեղ ևս պահանջագիր են հանձնել:
Երթի մասնակիցներն անցորդներին կոչ են արել դուրս գալ իրենց բնակարաններից և միանալ պայքարին, քանի որ խնդիրը բոլորինն է, արդյունքն էլ զգալու են բոլորը, գրում է Tert.am-ը։
ՀՅԴ անդամ Մեսրոպ Եսայանը նշել է, որ գործադիրին կոչ են արել ուսումնասիրել մամուլում հայտնված տեղեկությունը, ըստ որի Հայաստանի էլեկտրական ցանցերը թույլ է տալիս ապօրինություններ, չարաշահումներ։
«Այդ մասին խոսել է նաև էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը՝ շեշտելով, որ համակարգում կան գողության դեպքեր: Եթե համակարգում կան գողության դեպքեր, մեր կարծիքով ճիշտ կլինի, որ մինչև հոսանքի թանկացումը կառավարությունն իր համապատասխան մարմինների միջոցով ուսումնասիրի դրանք, որից հետո նոր որոշեն՝ թանկացնել, թե՝ ոչ»,- ասել է նա։
Եսայանը նաև նշել է, որ եթե նույնիսկ թանկացման 0,01 տոկոսը պայմանավորված է ՀԷՑ-ի ղեկավարների անփույթ աշխատանքով, ապա իրենք չեն պատրաստվում այդ թանկացման համար վճարել և ընդհանրապես չեն վստահում ՀԷՑ-ին։
Խոսելով հետագա ծրագրերից՝ Մեսրոպ Եսայանն ասել է, որ Կառավարությանը տվել են 3-4 աշխատանքային օր՝ ուսումնասիրելու և պատասխանելու, իսկ իրենց պահանջին ականջալուր չլինելու դեպքում, հանրային ճնշում կգործադրեն՝ փողոցում պայքարի դուրս կգան:
«Հետագայում նախատեսել ենք ավելի ընդլայնել մեր բողոքների աշխարհագրությունը։ Մեզ համար կարևորը նպատակն է, սա ընդամենն առաջին մեսիջն է կառավարությանը»,- ասել է նա։
Այսօր երեկոյան՝ ժամը 21:00-23:00-ն, բողոքի ևս մեկ ինքնատիպ ակցիա է լինելու «Մութ ժամեր. 2 ժամով հրաժարվում ենք էլեկտրաէներգիայից» խորագրով: Ֆեյսբուքյան հրավերին միացածների քանակն արդեն գերազանցել է 4.5 հազարը: Նրանք պատրաստվում են անջատել տների լուսավորությունը, հեռուստացույցը, օդափոխիչներն ու անգամ սառնարանները: Այդ երկու ժամն անցկացնելու են մոմերի լույսի ներքո: Ըստ նախաձեռնողների նախնական հաշվարկի, «եթե 100.000 ընտանիք անջատի լույսերը, ապա եթե հաշվենք, որ բոլոր այդ սարքերը միջինում կսպառեին 3 ԿվՏ, ՀԵՑ-ը 4,2 մլն դրամի վնաս կկրի»: Նրանց համոզմամբ, «պետք է սպառնալ, որ այս ակցիաները կարող են դառնալ պարբերական»: Մասնակիցները կոչ են անում իրազեկել բոլոր քաղաքացիներին՝ ընդհուպ մինչև խանութների ու գեղեցկության սրահների:
ՀԷՑ-ը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Արդյունքում` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտ ժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտ ժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտ ժ-ից` 48.93 դրամ/կՎտ ժ:
Բողոքի ևս մեկ երթմայիսի 27-ին է նախատեսվում՝ ժամը 19:00-ին: Ազատության հրապարակից բողոքողները կշարժվեն Երևանի փողոցներով՝ նույն պահանջով: