Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 2-ին հանդիպել է այցով Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ:
Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, հանդիպմանը կողմերը քննարկել են Թբիլիսիի և ԵԱՀԿ գործակցության հարցերն ու իրավիճակն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում:
«Վրաստանի վարչապետը հերթական անգամ մտահոգություն է հայտնել պայմանագրերի վերաբերյալ, որոնք Մոսկվան կնքել է Ցխինվալի և Սուխումի հետ: Ըստ կառավարության ղեկավարի, ԵԱՀԿ-ն պետք է ակտիվ և դրական դերակատարություն ունենա հակամարտությունների կարգավորման հարցում»,-ասել են մամուլի ծառայությունում: ԵԱՀԿ գործող նախագահը հաստատել է, որ սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Ըստ Դաչիչի, ԵԱՀԿ-ն կշարունակի քայլերն ուղղված Վրաստանի տարածքային ամբողջականության աջակցությանը, հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»:
Ավելի վաղ Դաչիչը հանդիպել էր Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլիի հետ, նրանք քննարկել են իրավիճակը տարածաշրջանում:
ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Թբիլիսի Բաքվից: Հունիսի 3-ին նա կմեկնի Հայաստան, որտեղ հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարարի, խորհրդարանի խոսնակի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, հայտնել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը: ՀՀ մայրաքաղաքում նաև տեղի կունենա Դաչիչի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսը: