25 սեպտեմբերի 2006 - 14:35 AMT
Հայազգի դաշնակահարը ճանաչվել է լավագույն ջազ կատարողը ԱՄՆ-ում
Թելոնիոս Մոնքի հիմնադրամի կողմից կազմակերպվող ջազ-կատարողների ամենամյա միջազգային մրցույթում, որն անընդմեջ անցկացվում է սկսած 1986թ.-ից, այս տարի հաղթող է ճանաչվել 19-ամյա հայազգի դաշնակահար Տիգրան Համազյանը: Ինչպես հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը, Համազյանը գրավել է առաջին տեղը եւ ստացել է մրցանակ $20 հազար Ռեյ Նոբլի ,Չերոքիե ու Մայլզ Դեյվիսի ,Սոլարե գործերի յուրօրինակ կատարման համար:

Նշենք, որ 19-ամյա դաշնակահարը ծնվել է Գյումրիում, իսկ ներկայումս ուսանում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ջազային դաշնամուրի բաժնում: Տիգրան Համազյանը մասնակցել է բազմաթիվ համերգների, փառատոնների ու մրցույթների Եվրոպական տարբեր երկրներում, իսկ վերջերս հայ դաշնակահարն առաջին տեղն է գրավել Մոնակոյի ջազային կատարողների միջազգային մրցույթում: