«Չեխական ավիաուղիներ» ընկերության ղեկավարությունը ցանկանում է վերսկսել Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 3-ին Պրահայում հանդիպել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակի հետ և քննարկել այդ հարցը:
Կառավարությունի մամուլի ծառայությունից հայտնում են, որ չեխական կողմը նշել է, թե ընկերության մասնավորեցման գործընթացը նոր է ավարտվել, և իրենք պատրաստ են քննարկել կանոնավոր չվերթները վերականգնելու հնարավորությունը:
«Չեխական ավիաուղիները» Հայաստանի ուղղությամբ թռիչքները դադարեցրել են 2014-ի նոյեմբերին: Մինչ այդ Հայակական շուկայից հեռացել էին նաև British Airways-ը և Air Baltic-ը:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է չվերթների վերաբացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերությանն այս հարցում: Նրա համոզմամբ` չվերթների վերաբացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, հայ-չեխական բարեկամության ամրապնդմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Չեխական ավիաուղիներ» ընկերության ղեկավարության Հայաստան այցելության շուրջ՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու ուղիղ չվերթները գործարկելու հնարավորությունները, քանի որ չեխական կողմը ցանկություն ունի վերաբացելու կանոնավոր չվերթները:
2013-ի հունիսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների ոլորտի աստիճանաբար ազատականացման ռազմավարությունը: Արդեն հոկտեմբերի 23–ին հաստատվել է «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների տրամադրման ապահովման ծրագիրը», որը հիմնված է McKinsey & Company ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ուսումնասիրության վրա։