Պաշտոնական Բաքուն գնում է Արևմուտքի հետ հարաբերությունների հետագա վատթարացման: Հենց այսպես կարելի է գնահատել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու մասին որոշումը, գրում է Contact.az-ը:
Turan գործակալությունը դիվանագիտական աղբյուրներին հղումով հայտնում է, որ համապատասխան նամակը Ադրբեջանի ԱԳՆ-ն հունիսի 3-ին ուղարկել է Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ:
«Ադրբեջանի կառավարությունն արձանագրում է, որ Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտություն այլևս չի տեսնում:
Ուստի Ադրբեջանի կառավարությունը 2015-ի հունիսի 4-ից անվավեր է համարում «Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի մասին Ադրբեջանի կառավարության և ԵԱՀԿ-ի միջև փոխըմբռնման շուրջ հուշագիրը», որը ստորագրվել է 2014-ի սեպտեմբերի 24-ին:
Կառավարությունը ԵԱՀԿ-ին 1 ամիս ժամանակ է տալիս տեխնիկական հարցերը կարգավորելու համար», - ասվում է հաղորդագրությունում։
Հունիսի 5-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացրել է պաշտոնական Բաքվի որոշման մասին:
Որևէ մեկնաբանություն Ադրբեջանի ԱԳՆ-ից կամ այլ կառույցներից դեռևս չի ստացվել:
Երկու տարի առաջ Բաքուն նվազեցրեց ԵԱՀԿ ներկայացվածության մակարդակը, որը դեսպանության կարգավիճակից նվազեց մինչև ԵԱՀԿ նախագծեևրի համակարգող:
«Այս կտրուկ քայլը հավանաբար Բաքվի արձագանքն է այժմյան համակարգող Ալեքսիս Շատախտինսկու հետ կանչին, որին ԵԱՀԿ-ում մեղադրել են Ադրբեջնում քաղաքացիական հասարակության խնդիրներն անտեսելու և երկրի ղեկավարության հետ չափից սերտ հարաբերություններ ունենալու մեջ:
Այդպիսով Բաքուն հասկացրեց, որ չի ցանկանում իր տարածքում տեսնել ԵԱՀԿ անկախ ներկայացուցիչների: Թե ինչպիսին կլինեն նման աննախադեպ քայլի հետևանքները, բարդ է ասել, սակայն, ակնհայտ է, որ Բաքուն հրահրում է Արևմուտքի հետ հարաբերություների սրացում:
Հատկանշական է, որ Ադրբեջանի կառավարությունը ժամանակ է տվել ԵԱՀԿ գրասենյակի փակման հետ կապված տեխնիկակն հարցերը լուծելու համար մինչև հուլիսի 4-ը` ԱՄՆ Անկախության օրը: Ինչպես հայտնի է, Շախտախտինսկու գործունեությունը խիստ քննադատության է ենթարկվել ԵԱՀԿ-ում հենց ԱՄն ներկայացուցչի կողմից»,-գրում է պարբերականը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին իր ելույթում անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակում ընթացող բանակցային գործընթացի խափանմանն ուղղված քաղաքականությանը, ասել է.
«Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով գործակցությունը և այն որպես կառուցողական քննարկումների հարթակ օգտագործելու փոխարեն հանդգնում է օգտագործել կազմակերպությունը՝ իր նեղ քաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով»:
Ըստ Նալբանդյանի՝ նույնը տեղի է ունենում գրեթե յուրաքանչյուր Նախարարական խորհրդի նախապատրաստական փուլում, երբ Ադրբեջանը պատանդ է դարձնում մեր համատեղ որոշումները՝ փորձելով պարտադրել իր նեղ նպատակները:
«Ադրբեջանական սադրանքներն արտահայտվել են նաև մշտական ագրեսիվ, ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայկական ատելության քարոզով: Բազմաթիվ անգամներ Ադրբեջանի ղեկավարությունը սպառնացել է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով և հայտարարել, թե Հայաստանը և իր հինավուրց մայրաքաղաքը ադրբեջանական տարածքներ են: Ադրբեջանը պատժում է նրանց, ովքեր համարձակվում են մտածել հաշտեցման մասին և խրախուսում նրանց, ովքեր հայերի հանդեպ հանցագործություններ են իրականացնում»: