Կառավարությունում այսօր՝ հունիսի 8-ին, ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը: Այն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև:
Վաճառքի պայմանագիրը նախատեսված էր ստորագրել հունիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում, բայց հետաձգվել էր, ավեի վաղ ասել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ նշելով, որ պատճառներիր մասին որևէ տեղեկություն չունի:
Մինչև այդ նախարար Երվանդ Զախարյանը նշել էր, որ վաճառվում է «Որոտան» բաժնետիրական ընկերության գույքը, այլ ոչ թե ընկերությունը:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» ընկերությունների լիազորված անձ/ներկայացուցիչ, «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:
Ի դեպ կառավարությունը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները 2014-ի հունվարի 29-ին գույքի 180 մլն դոլար արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել: Ըստ գործարքի, առաջիկա 6 տարվա ընթացքում Որոտանի երեք ՀԷԿ-երն արդիականացնելու ու վերանորոգելու համար պետք է ներդրվի մոտ $70 մլն:
«Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտի հետ հանդիպմանն այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը` որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլ:
Գործադիր տնօրենն էլ ընդգծել էր, որ իրենք շահագրգռված են մեծածավալ ներդրումներ կատարել` ՀԷԿ-ի համալիրի արդիականացման և լիարժեք գործարկման համար: