Կալինինգրադցի գրող Վիկտոր Գեմանովը իր «Ղարաբաղի փառապանծ արծիվը» գիրքը նվիրել է Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին, որը կյանքը զոհեց ֆաշիզմի դեմ պատերազմում, գրում է «Ռուսկի Զապադը»:
Ինչպես ասել են ՌԴ Կալինինգրադի շրջանի մշակույթի նախարարությունում, պոեմը հրատարակվել է հայ հանրության աջակցությամբ և պատմում է Լեռնային Ղարաբաղում ծնված հայ տղայի կարճատև, բայց հերոսական կյանքի մասին, որը ճակատագրի բերումով ռազմական օդաչու դարձավ ու զոհվեց հանուն Հայրենիքի մղած մարտերում:
«Այսօր գվարդիայի գնդապետ, օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունով է անվանակոչված Սեվաստոպոլի փողոցներից մեկը: Նրա անունով դպրոցներ կան Երևանում և նրա հայրենի Շուշիում: Չեն մոռացել նրան նաև ՌԴ Կալինինգրադի շրջանում: Հերոսի անունով կանվանակոչվի Խրաբրովո ավանի միջնակարգ դպրոցը:
«Ղարաբաղի փառապանծ արծիվը» գիրք-պոեմին կծանոթանան նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ընթերցողները»,-գրում է պարբերականը:
Նելսոն Գևորգի Ստեփանյանը հայ օդաչու է, Խորհրդային Միության կրկնակի հերոս։ Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։
Հայրենական պատերազմի երկրորդ օրը զորակոչվել է ռազմաճակատ՝ Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա։ 46-րդ գրոհային էսկադրիլիայի կազմում սովորել է Իլ-2 կործանիչի հետ աշխատանքը և մասնակցել է Պոլտավայի, Զապորոժիեյի, Օդեսայի մատույցներում տեղի ունեցող պաշտպանական մարտերին։ 20-րդ թռիչքի ժամանակ Ստեփանյանը վիրավորվել է զենիթային արկի բեկորից։
1941 թվականի օգոստոսից, Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում, պաշտպանել է Լենինգրադը։ Կազդուրվելուց և շարք վերադառնալուց մեկ ամիս անց Ստեփանյանը նշանակվում է օղակի հրամանատար։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1942 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ նույն տարվա նոյեմբերին կապիտան Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային գնդի էսկադրիլիայի հրամանատար։ Լենինգրադի մատույցներում նա իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել և շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ և գնդացիր։
1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ գրոհային ավիագնդի (հետագայում "Թեոդոսիական") հրամանատար։ Այդ ավիագունդը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի երկնքում։ Նրա հրամանատարությամբ գունդը մասնակցել է Թեոդոսիայի, Սևաստոպոլի, Սուդակի մոտ մղվող մարտերին։ 1944 թվականի ապրիլի 16-ին Ստեփանյանը, որ մարտի էր տարել 12 Ил-2 ինքնաթիռներից կազմված խումբը, անձամբ խորտակում է 3 դեսանտային բարժա։ Մայիսի 22-ին մասնակցում է թշնամական շարասյան կործանմանը։ Այդ մարտում Ստեփանյանի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում։
Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 թշնամական զինվոր և սպա։
Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին։ 1944 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ անգամ ներկայացվում է հերոսի կոչման՝ Մերձբալթիկայի օդային մարտերում ցուցաբերած խիզախության համար։ 1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղևորվում է Լեպահայի նավահանգստի ռմբակոծմանը։ Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից։ Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի թշնամական նավը։
Նրա հիշատակին 4 արձան է կանգնեցվել՝ Երևանում, Ստեփանակերտում, Լեպահայում և հերոսի ծննդավայր Շուշիում, որը ցավոք ավերվել է ազերիների կողմից։ Լեպահայի արձանը 1990 ականների տեղափոխվել է Կալինինգրադ։ 1954 թվականից Երևանի թիվ 71 դպրոցը կրում է կրում է ԽՍՀՄ կրկնակի հերոսի անունը։