Հունգարիայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են պատ կառուցել Սերբիայի հետ սահմանին` կասեցնելու համար ապօրինի միգրանտների հոսքը: Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ կառավարությունը հանձնարարել է ՆԳՆ-ին նախապատրաստվել 4-մետրանոց պատի կառուցմանը Սերբիայի հետ 175-կիլոմետրանոց սահմանին:
Նա նշել է, որ ներգաղթն ամենալուրջ խնդիրներից է, որին բախվում է Եվրամիությունը: «ԵՄ-ում փորձում են լուծել խնդիրը, սակայն Հունգարիան այլևս չի կարող իրեն թույլ տալ սպասել»,-ասել է նախարարը:
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ «զարմացած է և շոկի մեջ» Հունգարիայի պլաններից: «Մենք կքննարկենք այդ որոշումը հունգարացի գործընկերների հետ»,-ասել է Վուչիչը սերբական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
2014-ի կեսից Հունգարիան կտրուկ նվազեցրել է ներգաղթյալների և փախստականների քանակը, որոնք հիմնականում երկիր են գալիս հարավից` Սերբիայի հետ սահմանից: Ըստ իշխանությունների, տարեսկզբից դրանց թիվն արդեն հասել է 54 հազարի: 2014-ին այդ ցուցանիշը 43 հազար էր, 2012-ին ` 2 150:
Եվրահանձնաժողովը չի ողջունում պատի կառուցումը և կոչ է անում այլընտրանքային միջոցների դիմել, հայտարարել է ԵՀ միգրացիայի և ներքին քաղաքականության գծով ներկայացուցիչ Նատաշա Բերտոն: «Անդամ երկրները պատասխանատու են սահմանային հսկողության համար: Իրենք պետք է որոշեն, թե ինչ միջոցներ ձեռնարկեն, այնուամենայնիվ, ցանկացած միջոց, այդ թվում ուղղված ներգաղթյալների հոսքի նվազեցմանը, պետք է համապատասխանի ԵՄ կանոններին և միջազգային պարտավորություններին` ներառյալ ներգաղթյալների իրավունքների պահպանումը»,-ասել է Բերտոն:
«ԵՀ-ն հավանություն չի տալիս պատերի կառուցմանը և կոչ է անում այլընտրանքային միջոցների: Վերջերս մենք քանդեցին Եվրոպայում առկա պատերը, և չպետք է նորը կառուցենք»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: